Home / Ոստիկանություն / Ղազախստանում պահանջում են իրական ղեկավարի հեռացումը․ մարդկանց ջրում են

Ղազախստանում պահանջում են իրական ղեկավարի հեռացումը․ մարդկանց ջրում են

թարմացումները՝ տելեգրամում

Ղազախստանում ժամ առ ժամ սրվող բողոքի ցույցերի արդյունքում Ալմաթիում գիշերը պարետային ժամ է հայտարարվել, որն այնուհետև տարածվել է ամբողջ մարզի վրա և ուժի մեջ կմնա մինչև հունվարի 19-ը։ Ալմաթիի օդանավակայանն էլ դադարել է ընդունել ժամանող ինքնաթիռներին։ Պարետային ժամ է նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանում, և Մանգիստաուի մարզում։

Առավոտյան արդեն հաղորդվել է կառավարության հրաժարականի մասին, որը երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն ընդունել է Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Ալիխան Սմայլովը՝ մինչև նշանակվեն նոր նախարարներ։ Նախագահը նաև տեսաուղերձով է հղել՝ հորդորելով չտրվել «շենքեր գրավելու կոչերին»: Նավթարդյունաբերության ոլորտի աշխատակիցները, ի աջակցություն ցույցերի, գործադուլ են հայտարարել։ Նախագահը հրահանգել է ներդնել վառելիքի և առաջնային կարևորության ապրանքների գների պետկառավարման համակարգ։

Երկրով մեկ  փողոց դուրս եկած ցուցարարներին, սակայն, կառավարության հրաժարականը չի բավարարել։ Նրանք պահանջում են նաև գործող նախագահի հրաժարականն ու նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վերջնական հեռացումը քաղաքական դաշտից, ով, ցուցարարների կարծիքով, դեռևս մեծ ազդեցություն ունի երկրի քաղաքական կյանքի վրա։

Радио Азаттык-ի հաղորդմամբ՝ երկրի ամենամեծ քաղաքում հավաքված մի քանի հազար ցուցարարներն արդեն հասել են Հանրապետության հրապարակ և գրոհել աքիմաթի (մարզպետարանի) շենքը։ Ըստ որոշ հաղորդումների՝ շենքում կրակ է բռնկվել։ Կրակի բաժին է դառնում նաև Ալմաթիի դատախազության շենքը։

https://twitter.com/i/status/1478649748030734341

Ցուցարարներից որոշները զինված են ռետինե մահակներով ու «Մոլոտովի կոկտեյլներով», ոստիկանները կիրառում են լուսաձայնային նռնակներ և, ըստ որոշ հաղորդումների, հրազեն։ Ակտոբեում ուժայինները ջրցաններ են կիրառում ձյան մեջ ցույց անող մարդկանց վրա։

https://twitter.com/AlexKhrebet/status/1478667902853263361

Ըստ պաշտոնական տվյալների, միայն այս առավոտ 200 հոգի ձերբակալվել է, «տուժել է ոստիկանության 95 ծառայող և 37 ծառայողական մեքենա»: Ինտերնետ քաղաքում չկա։ Ցուցարարների շրջանում տուժածների մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում, սակայն Ալմաթիի բուժհաստատությունները առավոտյան հաղորդել են բուժօգնության համար իրենց դիմած 190 մարդու մասին, որոնցից 137-ը ոստիկաններ են, 53-ը՝ քաղաքացիական անձինք։

Ժանաոզենում, որտեղ ի սկզբանե մեկնարկել էին ցույցերը, վերջին տվյալներով հավաքվել է շուրջ 12 000 մարդ, ովքեր պահանջում են երկրի կառավարող ռեժիմի փոփոխություն, վերադարձ 1993 թվականի սահմանադրությանն ու իշխանության փոխանցում «համակարգից դուրս մարդու»։ «Газ елу!» (գազը՝ 50-ով) լոզունգը ցուցարարների մոտ փոխարինվել է «Шал, кет!» (Ծերուկ, հեռացիր) կոչով։

Ի սկզբանե բողոքի ցույցերը, հիշեցնենք, հեղուկ գազի թանկացման դեմ էին և Ժանաոզենում մեկնարկել են հունվարի 2-ի առավոտյան, այնուհետև՝ տարածվել Մանգիստաուի ողջ մարզով ու երկրի այլ քաղաքներով՝ հասնելով մինչև նախկին մայրաքաղաք Ալմաթի։ 

Հունվարի 1-ին գազի լիտրի գինը կազմում էր 0.27 դոլար։ Ցուցարարները նշում էին, որ նախորդ տարի գազի լիտրը մոտ 0.13 դոլար արժեր և պահանջում նվազագույնը կիսով չափ իջեցնել սակագները։ Կառավարությունը գնաճը պատճառաբանում էր գազի ինքնարժեքի թանկացմամբ։

10 տարի առաջ նույն մարզում գազի գինը կազմում էր մոտ 0.07 դոլար՝ մեկ լիտրի դիմաց։ 2011 թվականին նավթի արդյունահանմամբ զբաղվող Ժանաոզեն քաղաքում մի քանի ամիս շարունակ ցույցեր են տեղի ունեցել․ մարդիկ պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում։ Ցույցերը ճնշվել են իշխանության կողմից ուժի կիրառմամբ, որի արդյունքում 17 մարդ սպանվել է, մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ Գազի սակագները հետագայում պարբերաբար աճել են։