Ի նշան բողոքի Ղազախստանում ապրող 6 կանայք՝ Այա Սադվակասովան, Նուրգուլ Կալուովան, Անար Կալիևան, Անար Իբրահիմովան, Քերբեզ Էգինբաևան, Ռակիլյա Բեկնազարովան, տեսախցիկի առջև սափրել են գլուխները։
Նրանք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և քաղաքական հալածյալներին, անհատական պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում են Ղազախստանում տեղի ունեցող բռնաճնշումներին, դադարեցնել ազատ խոսքի նկատմամբ ռեպրեսիաները, վերականգնել «իրական ընդդիմության խաղաղ հավաքների իրավունքը»։
Կանայք նաև պահանջում են չեղարկել Ղազախստանի քրեական օրենսգրքի 405-րդ հոդվածը, որը թույլ է տալիս քրեական հետապնդման ենթարկել դատարանի կողմից ծայրահեղական կամ ահաբեկչական ճանաչված հասարակական/կրոնական խմբերի անդամներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Ակտիվիստների կարծիքով՝ օրենքը կանաչ լույս է վառում կամայական քաղաքական հետապնդումների համար։
Մի երկրում, որտեղ հանրայնորեն բողոքելը կանխավ արգելված է, գլուխը սափրելը քաղաքական անհամաձայնությունը տեսանելի դարձնելու միջոց է, գրում են ակցիային միացած այլ կանայք։
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես սովարական մարդ եմ, ով հոգ է տանում իր երեխաների մասին։ Բայց Դուլաթ Ագադիլի (քաղաքացիական ակտիվիստ, այս տարվա փետրվարին մեկուսարանում մահացել է, խմբ․) մահից հետո իմ մեջ արժանապատվություն արթնացավ։ Շատ եմ մտածել այն մասին, թե ինչու է դա տեղի ունենում մեր երկրում։ Դուրս եմ եկել բողոքի ցույցի, բայց կարծիքս այդպես արտահայտելու համար ինձ տուգանել ու 10 օրվա ազատազրկման են դատապարտել։ Այս տեսանյութով մենք ուզում էինք արթնացնել հասարակությանը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մեր երկրում տիրող անօրինության վրա», – «Азаттык» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ակցիայի մասնակից Անար Կալիևան։
Կանանց բողոքի ակցիան համընկել է Ալմաթիում կայացած, իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքի հետ, որի կազմակերպիչներն էին «Սվոբոդա» հիմնադրամի նախագահ, իրավապաշտպան Գալիմ Ագելեուովը և «Առ․Ռուխ․Խակ» հասարակական հիմնադրամի ղեկավար, իրավապաշտպան Բակիտջան Տոռեգոժինան։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին քաղաքական բարեփոխումներ իրականացնել և ազատ արձակել քաղբանտարկյալներին։