Դատարանը ինշգուշ լրագրող Ռաշիդ Մայսիգովին մեղավոր է ճանաչել թմրանյութերի պահպանման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման, գրում է «Կավկազսկի ուզելը»։
Հուլիսի 7-ին դատարանը հայտարարել էր Մայսիգովի գործով քննության ավարտի մասին։ Պաշտպանող կողմի պահանջով գործին է կցվել լրագրողի տանը ուժայինների իրականացրած խուզարկության տեսաձայնագրությունը։ Հուլիսի 24-ին Մայսիգովի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով։ Սեպտեմբերի 9-ին դատախազը լրագրողի համար հինգ տարվա ազատազրկում է պահանջել։
Ռաշիդ Մայսիգովը համագործակցում էր «Ֆորտանգա» հրատարակչության հետ, որն ակտիվորեն լուսաբանում էր 2019 թվականի մարտին Ինգուշիայում իրականացվող բողոքի ցույցերը։ Լրագրողը բազմիցս հայտնել էր իր մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալիքների մասին։ Մայիսգովին ձերբակալել են հուլիսի 12-ին։ Ոստիկանների իրականացրած խուզարկության արդյունքում նրա տանը սպիտակ փոշով լի տոպրակ և Ինգուշիան Ռուսաստանից բաժանելու ու Վրաստանին միացնելու մասին անջատողական գրառումներով թերթիկ է հայտնաբերվել։ Լրագրողին մեղադրանք է առաջադրվել առանձնակի խոշոր չափերի թմրանյութի պահպանման հոդվածով։ Մայսիգովը մեղադրանքը չի ընդունում, պատմում է կտտանքների մասին։ Լրագրողի ձերբակալությունը համընկել է «Ֆորտանգա» կայքի արգելափակման հետ, որը չեղարկվել է խմբագրության կողմից արգելված բովանդակությամբ մեկնաբանության հեռացումից հետո։
Մագասի շրջանային դատարանի որոշմամբ Մայսիգովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 16-ին։
Երեկվա նիստի ժամանակ Մայսիգովը նորից հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լրագրողն ու նրա հարազատները ԶԼՄ֊ների հետ զրույցներից խուսափեցին։ «Ֆոնտանգայի» խմբագիր Իզաբելլա Եվլոևան վստահ է, որ մեղադրանքը կեղծ է, իսկ անջատականության մասին թերթիկի հետ կապված միջադեպն իր դեմ է ուղղված։
Խմբագիրը պատմեց, որ Մայիգովին ստիպել են ցուցմունք ստորագրել, որի համաձայն Ինգուշիայի առանձնացման մասին թերթիկն իրեն ուղարկել է Եվլոևան։
«Մաշր» իրավապաշտպանական կազմակերպության իրավաբան Ռուսլան Մուցոլգովը վստահ է, որ Ռաշիդ Մայսիգովի նկատմամբ քռեական հետապնդումը պայմանավորված է բացառապես նրա մասնագիտական գործունեությամբ։
«Այստեղ կասկած անգամ լինել չի կարող։ Պատահական չէ, որ նույն օրը ձերբակալվել էր նաև նույն ընդդիմադիր հարթակի գլխավոր խմբագիր Զարիֆա Սաուտիևան, ում բերման էին ենթարկել դեպի Նալչիկ ընթացող մեքենայից։ Կարելի է ասել, որ սա հարձակում է խոսքի ազատության վրա։ Նույն օրը արգելափակվել էր «Ֆորտանգայի» կայքը», – պատմում է Մուցոլգևը։