Home / Դատարան / Խաբարովսկում բռնել են Հայաստանում և Բելառուսում հայտնի բլոգերի

Խաբարովսկում բռնել են Հայաստանում և Բելառուսում հայտնի բլոգերի

Ռուսական իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման են ենթարկել բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին, ով իր Յութուբի ալիքում լուսաբանում էր Խաբարովսկի ցույցերը։ Ռոմանովը հայտնի է Հայաստանում և Բելառուսում, որտեղ ևս Լուսաբանում էր զանգվածային հակակառավարական ակցիաները։ Ձերբակալության պահին Ռոմանովը հայատառ «դուխով» գրառմամբ շապիկով էր։

Ոստիկանները հայտնել են, որ բլոգերին ձերբակալում են ոչ արտոնված հանրահավաքին մասնակցելու համար։

Ռոմանովի փաստաբանը հայտնել է, որ բլոգերի նկատմամբ վարչական արձանագրություն են կազմել տրանսպորտային միջոցների ընթացքը խանգարող ոչ արտոնված հավաքի մասնակցելու հոդվածով։ Ռոմանովը պատմել է, որ ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն են գործադրել՝ փորձելով լուսանկարել։

2016 թվականին խաբարովսկցի նախկին հեռուստահաղորդավար և լրագրող Ռոմանովը ստիպված է եղել ընտանիքի հետ հեռանալ Ռուսաստանից և բնակություն հաստատել Վրաստանում։ Բլոգերի պնդմամբ, պատճառը ռուսական իշխանությունների կողմից գործադրվող ճնշումներն էին։ «Հիմնական գրգռիչը երևի իմ ալիքն էր, որում իշխանությունների հասցեին կոշտ քննադատություն էր հնչում։ Ալիքը հայտնի էր դառնում, ինչը ժամանակակից Ռուսաստանում ամենևին լավ չէ։ Youtube-ը հեռուստատեսության նման է, իսկ հեռուստատեսությունն իշխանությունների հիմնական զենքերից է․ այլակարծության տեղ այնտեղ չկա», — պատմում է Ռոմանովը։

Խաբարովսկում բազմամարդ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երեք շաբաթ, իսկ դաշնային ալիքներն այդ մասին համառորեն լռում են։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեյտերյովը հայտարարել է, որ ակցիաները հրահրվում են օտարերկրյա ուժերի կողմից։ Նրա խոսքով, ի սկզբանե ակցիաները սկսվել են «մարզպետի ձերբակալության հետ կապված արդարացի զայրույթից», բայց ավելի ուշ Խաբարովսկում մարդիկ են հայտնվել, այդ թվում՝ «այլ երկրներից», որոնք ամեն կերպ փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրամասում։

Ռուսաստանի Դաշնության նախագայի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ուղղել է» Դեգտերյովին, նշելով, որ օտարերկրացիների մասնակցության հարց չկա, պարզապես «որոշ քվազիընդդիմադիր կամ պսևդոընդդիմադիր ուժեր միայն այսպիսի իրավիճակներ ստեղծելով են սնվում»։

Հուլիսի 23-ին Խաբարովսկում հարձակվել էին «Նավալնի Live» հաղորդման հաղորդավար Դմիտրի Նիզովցևի վրա։ Ծեծի ենթարկված լրագրողը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ոստիկանություն։ Նիզովցևը նախկինում աշխատել է Խաբարովսկի երկրամասային «Գուբերնիա» ալիքում, այժմ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Խաբարովսկի շտաբի շրջանային մենեջերն է։ Զբաղվում է ցույցերի լուսաբանմամբ։

Հարձակման է ենթարկվել նաև «Բաց Ռուսաստան»-ի շրջանային գրասենյակի համակարգող Սերգեյ Նաումովը։ Լրագրողին ծեծի են ենթարկել ու կոտրել են հեռախոսը։ Նա ևս լուսաբանում էր Խաբարոսկի ցույցերը։