Home / Հայաստան / ԱԱԾ հրավիրված Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

ԱԱԾ հրավիրված Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ ԱԱԾ-ում  ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Նշենք, որ այդ ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում Արթուր Վանեցյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին  արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։

«Դիմումի կապակցությամբ  իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները:

Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել», – մասնավորապես, հայտնում է Ծառայությունը։

Հուլիսի 31-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու համար։ Նրա խոսքով՝ որևէ դատավարական կարգավիճակ նա չունի։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշեց, որ բացատրության հրավերը շինծու է և քաղաքական նպատակներ է հետապնդում։

Բացի դա, Վանեցյանն, ով ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո վարչապետ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, հայտարարեց, որ հնարավոր է հանդիպումներ ունենա այլ ուժերի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նախկին նախագահների հետ, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանն իր, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության հրապարակումից ժամեր անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց․ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ձգտող Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել։ 2019 թվականին նա ոչ միայն հաստատեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, խոշոր բիզնեսներում մասնաբաժին է ունեցել, այլ նաև հայտարարեց, թե ժամանակի քաղաքական ղեկավարությունը, ասել է թե՝ Սերժ Սարգսյանը, թույլ չէր տալիս մոտենալ կոռուպցիոն այդ գործերին։

Այսօր Factor.am-ի հարցին ի պատասխան՝ թե ինչպե՞ս նա կարող է քաղաքական հանդիպումներ ունենալ անձանց հետ, որոնց ոչ վաղ անցյալում կոռուպցիայի մեջ էր մեղադրում, Վանեցյանն ասաց․ «Էդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»։