Երբ արդեն ապացուցված ու անառարկելի էր, որ Սահմանադրական դատարանի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, կար երկու տրամաբանություն․ այդ փաստը օգտագործել՝ Սահմանադրական դատարանի նախագահին վերահսկողության տակ առնելու համար կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով։ Ֆեյսբուքի ուղղիղ եթերում՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ Հանրապետական կուսակցության, նախկին իշխանության անդամներն այսօր երկրից երկիր, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են գնում՝ արձանագրելու, որ Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին և անձնական հաշվեհարդար տեսնում նրա հետ։
Հասկանալու համար՝ որքանով են այդ պնդումները համապատասխանում իրականությանը, վարչապետն առաջարկեց «հետ գնալ 2018 թվականի մայիս» և ամենասզբից հետևել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։
Փաշինյանի խոսքով, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարականի հարց անգամ չի բարձրացրել։ Ավելին՝ փախվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այժմ զբաղեցմում է ԱԺ նախագահի պաշտոնը, հեղափոխությունից կարճ ժամանակ անց հրապարակայնորեն հայտարարել է, որ չի կարծում, թե Թովմասյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Այս մոտեցումը, ըստ Փաշինյանի, պայմանավորված էր «ոչ թե նրանով, որ մենք սիրում էինք կամ չէին սիրում Հրայր Թովմասյանին, այլ՝ մենք որոշել էինք հարցերին մոտենալ ինստիտուցիոնալ, իրավական կտրվածքով․ եթե կա պաշտոնյա, որը շատ թե քիչ օրինական ընտրվել է, ուրեմն մենք պետք է ոչ թե մեր անձնական ճաշակներով առաջնորդվենք, այլ՝ պետական տրամաբանությամբ»։
Հետին թվով, սակայն, վարչապետն արձանագրում է, որ այդ դիրքորոշումը և անձամբ իր վերաբերմունքը լիարժեք չէին այդ իրավիճակի նկատմամբ․ դեռևս հեղափոխությունից հետո, պատմում է Փաշինյանը, իրեն են դիմել «իրավաբանների և մարդկանց մի խումբ», ովքեր պնդել են, որ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնին գտնվելն ապօրինի է և հակասում է սահմանադրական տրամաբանությանը։ Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ տեղեկություններ ունեն՝ այն կոմբինացիան, որի շնորհիվ Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ, առանց կեղծիքների հնարավոր չէր լինի իրականացնել։
«Այն ժամանակ ես չհանձնարարեցի դրանով զբաղվել։ Որովհետև ժամանակ չունեի ամբողջական ընկալելու և լսելու։ Դա 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներն էին, պատկերացրեք՝ երկիրը երկու ամիս Կառավարություն չէր ունեցել, հեղափոխություն էր տեղի ունեցել, և ի՜նչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին», – արդարանում է վարչապետը։
Ամիսներ անց, երբ իրավիճակն արդեն կայունացել էր, Փաշինյանը հանձնարարել է ստուգել՝ որքանով են նշված տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ Նույն այդ ժամանակաշրջանում ի հայտ է եկել նաև հետագայում ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի նամակը, որն ավելի «հանրամատչելի» է դարձրել այն, որ ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացված է։
«Մենք ՍԴ անդամների, նախագահի, որևէ մեկի հետ այդ ժամանակ ոչ մի պրոբլեմ չենք ունեցել, ո՛չ մի։ Նայեք այժ ժամանակաշրջանի ողջ պատմությունը․ չի եղել մի դրվագ, որ ինչ-որ հարց լինի, ինչ-որ որոշում լինի, որի հետ կապված մենք խնդիր ունենանք», – ասում է Փաշինյանը։
Հարուցված քրեական գործերը, ներառյալ՝ իշխանության յուրացման հոդվածով, որը վերաբերում է Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացում տեղի ունեցած կեղծքիներին, իրավական հետևանքն են «օպերատիվ ինֆորմացիաների հոսքի», որը հաջորդել է այս քննարկումներին և Վահե Գրիգորյանի նամակին․ «Տեղի ունեցավ ամենակարևոր և ամենամեծ բացահայտումը՝ փաստացի, ապացուցված, անառարկելի, որ Սահմանադրական դատարանի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծիքի միջոցով։ Դա կեղծ ընտրություն է եղել։
Եվ ի՞նչն է այստեղ ամենակարևորը։ Եղել է երկու տրամաբանություն․ այդ փաստը օգտագործել և ՍԴ նախագահին, ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով։
Եվ երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա [իր լոյալությունն ու համագործակցությունը], դարձել է ընդդիմություն։ Պատկերացնո՞ւմ եք։ ՍԴ նախագահն է դարձել ընդդիմություն։ Եվ այո, դա իմ գնահատականն է, որ ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ»։
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ ՍԴ նախագահի շուրջ պատմությունից ամբողջությամբ տեղյակ են եղել երեք հոգի, որոնցից երկուսը հանդես են գալիս իր նկատմամբ թշնամական դիրքերից․ «․․․ այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար, երեքից երկուսը, ամեն ինչի կդիմեն և դիմում են»։ Անուններ վարչապետը չհրապարակեց, բայց նշեց, որ նրանցից մեկը երեկ բացահայտ արտահայտվել է: Խոսքը, հավանաբար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով «Թվիթեր»-ի իր բլոգում «արձագանքել էր» վարչապետի ասուլիսին և գրիչի մասին հրապարակմանը՝ կոչ անելով իշխող կուսակցությանը առաջադրել վարչապետի նոր թեկնածու։
Նշենք, որ վարչապետի այս ուղղիղ հեռարձակումը շարունակությունն է ՍԴ-ի շուրջ վերջին օրերին նոր թափ առած քննարկումների։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։
Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»։
Հրայր Թովմասյաը հերքել էր այդ հայտարարությունը, պահանջել Փաշինյանից հրապարակել իր խոսքերը հիմնավորող փաստեր։
Փաշինյանը խոստացել էր հրապարակել «Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը»։ Երևան վերադառնալուց հետո նա հրապարակել էր թանկարժեք մի գրիչի լուսանկար, որը, ըստ Փաշինյանի, ժամանակին իրեն նվիրել է Թովմասյանը, ով բազմիցս շողոքորթել և քծնել է իրեն։ Այսօրվա լայվի ընթացքում Փաշինյանը անդրադարձավ նաև գրիչին՝ նշելով, որ դա փոքր, բայց խոսուն դետալ է, սիմվոլն, որ իշխանությունը ՍԴ-ի հարցում նախընտրել է գնալ իրավական ճանապարհով, այլ ոչ՝ կուլիսային համագործակցությունների, կոմպրոմատների և այլն։
Վարչապետի ներկայացրած «ապացույցը» անբավարար համարած Թովմասյանը հայտարարել է, որ դիմելու է դատարան՝ զրպարտության մեղադրանքով։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/264661667851403/