Home / Մեդիա / Բելառուսում լրագրողներին դատում են չարտոնված հավաքի մասնակցելու համար

Բելառուսում լրագրողներին դատում են չարտոնված հավաքի մասնակցելու համար

Սեպտեմբերի 1-ին Բելառուսում ձերբակալված լրագրողներն ամբողջ գիշեր անց են կացրել ոստիկանական բաժանմունքների մեկուսարաններում։ Այսօր նրանց պատրաստվում են դատել «չարտոնված հավաքի մասնակցելու» հոդվածով։

Ոստիկանությունը հայտնել է, որ լրագրողներին մեղադրանք է առաջադրվելու քրեական օրենսգրքի 23.34 հոդվածով՝ «Զանգվածային միջոցառումների անցկացման կամ կազմակերպման կարգի խախտում»։ TUT.by֊ի փոխանցմամբ, այդ հոդվածը նախատեսում է տուգանք կամ ադմինիստրատիվ կալանք։ Այսօրվա դատական նիստերն անց են կացվելու տեսակապի միջոցով։

Այժմ ձերբակալված լրագրողների գործընկերները բողոքի ցույց են իրականացնում ոստիկանության բաժանմունքի դիմաց․

https://twitter.com/Udjin1965/status/1301050920361484293

Թղթակիցներին բերման են ենթարկել սեպտեմբերի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում, «Դինամո» մարզադաշտի մոտից։ Տեղափոխել են Օկտյաբրսկի շրջանի ոստիկանական բաժանմունք՝ իբր փաստաթղթերի ստուգման համար։ Բոլոր լրագրողները «PRESS» գրառմամբ կապույտ բաճկոններով էին, ունեին բեյջեր, որոնց վրա նշված էր լրագրողի անուն ազգանունը, լուսանկարը, համապատասխան լրատվամիջոցի անվանումը։ Լրագրողներն իրականացնում էին իրենց մասնագիտական պարտականությունները, լուսաբանում էին Մինսկում ընթացող ուսանողական ակցիան։

https://twitter.com/OnlinerBY/status/1301046849940467712?s=20

Երեկ Բելառուսում հակակառավարական ցույցերի 24-րդ օրն էր։ Զանգվածային հանրահավաքները սկսվել էին օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո։ Ըստ պաշտոնական տվյալների, այդ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները պնդում են, որ հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, իսկ ընտրական պրոցեսներն ուղեկցվել են զանգվածային ընտրախախտումներով։ Ամեն օր հազարավոր մարդիկ դուրս են գալիս երթի։ Ցույցերի առաջին օրերին դաժան բախումներ են տեղի ունեցել ոստիկանները հետ։ Հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, կան զոհեր։

Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ֊ն, Կանադան և այլ երկրներ չեն ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքներն ու դատապարտել են ոստիկանների բիրտ գործողությունները ցուցարարների նկատմամբ։