Պուտինը պատրաստ է ներխուժել Բելառուս՝ «մոտիկներին օգնելու»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հատուկ պահեստազորի ձևավորման մասին՝ «անհրաժեշտության դեպքում» Բելառուսին աջակցություն ցուցաբերելու համար։
«Ալեքսանդր Գրիգորևիչը խնդրել էր իրավապահների որոշակի պահեստազոր ձևավորել։ Եվ ես դա արել եմ։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ ջոկատը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ իրավիճակն իրոք դուրս գա վերահսկողությունից»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում հայտնել է Պուտինը։ Նրա խոսքով, Բելառուսում ուժայինները «բավարար զսպված» վարք են դրսևորում։
Անվտանգության ոլորտում Ռուսաստանը պարտավորություններ ունի Բելառուսի նկատմամբ, և Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը, հավելել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսական ուժերը չեն օգտագործվի, եթե «ծայրահեղական տարրերը չանցնեն սահմանները, չսկսեն մեքենաներ, տներ, բանկեր այրել, չփորձեն ադմինիստրատիվ շենքեր գրավել և այլն»։
Պուտինը հույս է հայտնել, որ ճգնաժամային իրավիճակը Բելառուսում կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։
«Դրությունը հիմա համեմատաբար հանդարտվում է։ Հուսով եմ բոլոր խնդիրները, իսկ դրանք իհարկե կան, հակառակ դեպքում մարդիկ փողոցներ դուրս չէին գա, կլուծվեն սահմանադրության, օրենքների և խաղաղ միջոցների շրջանակներում», - նշել է Պուտինը։
«Մենք, իհարկե, անտարբեր չենք Բելառուսի վիճակի նկատմամբ։ Դա մեզ շատ մոտ, գուցե՝ ամենամոտ, երկիրն է։ Թե՛ էթնիկ առումով է ամենամոտը, թե՛ լեզվական, թե՛ մշակութային, հոգևոր և այլն։ Մեր միջև տասնյակ, գուցե՝ հարյուր հազար, եթե ոչ՝ միլիոն, բարեկամական կապեր կան, արդյունաբերական սերտագույն համագործակցություն։
Բելառուսում ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր Պուտինը չեզոք դիրքորոշում էր պահում երկրում սկսված բողոքի ցույցերի վերաբերյալ։ Միակ հայտարարությունը Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր։