Միանվագ փոխհատուցում կտրամադրվի սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծի համաձայն, գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացած ցանկացած տեսակի գույքի դիմաց փոխհատուցում կտրամադրի:
Նաև միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով ձեռք են բերել առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն, համապատասխանաբար՝ երեք, երկու և մեկ միլիոն դրամի չափով:
Զոհվածների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի հինգ միլիոն դրամի չափով:
Նախագիծը, ըստ զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, կտարածվի 16 համայնքների՝ 38 բնակավայրերի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական էսկալացիայի ընթացքում զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները կհատուցվեն՝ 29 միլիոն դրամից ($60,000) մինչև 82 միլիոն դրամի (շուրջ $170,000) չափով։
Կառավարությունը հայտարարել էր նաև, որ ռազմական գործողությունների և խաղաղ բնակավայրերի հրետանակոծման արդյունքում վնասված կամ ոչնչացված բոլոր շինությունները, այդ թվում՝ մասնավոր, ամբողջապես կվերանորոգվեն կամ կվերակառուցվեն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին հուլիսի վերջին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել։