«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող լարված դրությունն, անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի №1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին կառացարության որոշման նախագիծը», – կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա՝ առկա նախագծով հաջողվել է վերհանել, որ շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, և այժմ առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի վերհանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասը։
«Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքը շուտափույտ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա մինչև վերջնական գնահատման ավարտը։ Նաև նախագծին կից ներկայացված է ցուցակը` ըստ համայնքների և ըստ բնակիչներին հասցված վնասների․ առաջարկվում է ՀՀ 2020 թվականի պետբյուջեի կառավարության պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին», – նշել է Պապիկյանը՝ հավելելով, որ որոշակի խմբագրումներ են եղել նաև Ֆինանսների նախարարության առաջարկությամբ, նախագիծը համաձայնեցված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկման ժամանակ նրանք եկան այն եզրակացությանը, որ սահմանապահ գյուղերի նկատմամբ հայեցակարգի, այնտեղ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացվի։
«Եվ այդ փոփոխությունը, եթե շատ հասկանալի և մատչելի լեզվով ներկայացնենք, հետևյալն է․ կարող էր տպավորություն ստեղծվել, որ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար, այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ։
Մենք պետք է այս տրաբամաբությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ո՛չ թե ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն։ Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է։
Մեր երկրի դիմակայունության, մարտունակության և մրցունակության ամենակարևոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը։
Իհարկե, ես չեմ ուզում, որ մենք ակնկալիքների շատ բարձր նշաձող դնենք, որովհետև դա 1-2 օրում տեղի չի ունենա, դա երկարատև աշխատանք պահանջող գործընթաց է, բայց սահմանամերձ գյուղերի բնակիչներն այս ոգին, այս տրամադրությունն, այս գործելակերպը պետք է զգան, և դա պետք է սկսվի օր առաջ»։
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ այս օրերին Տավուշում է գտնվում իր խորհրդականը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ու այլ պաշտոնյաներ․ «Մենք աշխատելու ենք հետևողական, հանդարտ այս քաղաքականությունն առաջ տանելու համար։ Եվ այսօր սկսում ենք շատ փոքրից․ 25 միլիոն դրամ ենք հատկացնում այդ գյուղերում աշխատանքները սկսելու համար»։