Քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչությունում Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ:
Տնական արտադրության օղին Արմավիրի մարզում դարձել է 9 մարդու մահվան պատճառ։ Եվս 5 մահ արձանագրվել է Երևանում։ Դեռ կան ալկոհոլային սուր թունավորմամբ հիվանդներ, որոնց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր է, նրանց գերակշիռ մասը Արմավիրի մարզից է։
Վերջին թարմացումների համաձայն՝ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք, որոնցից 14-ը՝ մահվան ելքով: 11 հոգի մահավան մասին Առողջապահության նախարարությունը հայտնել էր երեկ, ևս 3-ի մասին՝ այսօր։
Ալկոհոլից թունավորման 27 դեպքից 20-ը, որից 9-ը՝ մահվան ելքով, գրանցվել են Արմավիրի մարզում, հայտնել է նախարարությունը։
Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Մյուս 7-ը դեպքերը արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ թունավորումների դեպքի առթիվ հարուցված Քր․ օրի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.։ Վերջինս կասկածվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու մեջ:
Ովքեր են մյուս երկու ձերբակալվածները՝ իրավապահները չեն նշում։