Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: Կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են։ 1 պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:
Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», ֊ հաղորդել է նախարարությունը։
Քննչական կոմիտեն, իր հերթին, հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և արդեն իսկ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք․
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն»։