Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ կացարանի և խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել «փոքր տներ», որոնք պիտանի չեն բնակության համար և չեն համապատասխանում նախարարության իսկ կողմից սահմանված չափորոշիչներին․ դրանց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 դրամ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազությունը նախարարությունից պահաջնվել և ստացվել է փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ
— «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով Կառավարության կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար։ Յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանվել է 27.000.000 դրամ։
— Փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն [«Լեքսհաբ» ՍՊԸ-ի – խմբ․], որը գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 դրամ և 26.730.000 դրամ գնային առաջարկներով։
— Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տներ, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց և պետք է պիտանի լինեն բնակության համար։
— Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն։ Գնված տների՝ սահմանված չափանիշներին անհամապատասխանելու մասին գրառումներ չեն կատարվել և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։ ․․․Արձանագրվել է, որ որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։
Մինչդեռ, ինչպես հայտնում է Դատախազությունը, պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։
«Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա և նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը», – ասված է Դատախազության հաղորդագրությունում։
53 680 000 դրանով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Քր․օրի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Դատախազության ուսումնսաիրությունը, ամենայն հավանականությամբ, կատարվել է hetq.am կայքի հրապարկման հիման վրա, որում, մասնավորապես, նշվում էր, որ Սոցապ նախարարության կողմից Արմավիրի մարզում ձեռք բերված 2 փոքր տների գնումն իրականացվել է «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։ Պայմանագիրը կնքվել է «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է 2014թ-ին՝ Մառլեն Սմբատյանի կողմից: Վերջինս իրավաբան է, մասնակցել է նաև դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը:
2019թ-ի մարտի 19-ին ընկերության 100 % բաժնեմասի սեփականատեր է դարձել Պավել Թադևոսյանը: Նա է նաև ընկերության տնօրենն է:
Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է: