Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է խստացնել շուրջօրյա խնամքի տուն-ինտերնատներ ընդունելության կարգը, նվազեցնել (փակ) հաստատություններում պահվող տարեց կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը, և ընդլայնել խնամքի այլընտրանքային (այդ թվում՝ համայնքային) ծառայությունների շրջանակներն ու ծավալները։
Նախատեսվում է, որ որոշման ընդունումից հետո շուրջօրյա տուն-ինտերնատներ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ, ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող մարդիկ։
Խնամքի կարիք ունեցող այլ անձանց կառաջարկվեն այլընտրանքային ծառայություններ (տնային խնամք, աջակցություն, այդ թվում՝ նյութական, ընտանիքներին, ցերեկային կենտրոններ, խնամքի «փոքր տներ» և այլն):
Գործող կարգը թույլ է տալիս սոցիալական աշխատողի համապատասխան եզրակացության հիման վրա՝ տուն-ինտերնատ ընդունել նաև բնակարան և ընտանիք ունեցող տարեցներին, որոնք ունեն ներընտանեկան խնդիրներ։ Բավարար քանակով և ծավալով այլընտրանքային ծառայություններ չկան։ Բացակայում են նաև տարեց խնամող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մեխանիզմները։
Արդյունքում՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող 3 տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց ավելի քան 60 տոկոսն ունի ընտանիք, շատերը՝ նաև բնակարան:
Նախագծի, ըստ հեղինակների, առնվազն 30-40 %-ով կնվազեցնի շուրջօրյա հաստատություններում խնամվողների թիվը։ Նրանք կշարունակեն (գնահատված անհատական կարիքներին համապատասխան) խնամքի ծառայություններ ստանալ իրենց համայնքներում և ընտանիքներում։
Որոշման նախագիծը, ըստ նախարարության, բխում է կառավրության՝ «խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման» քաղաքականությունից։ Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում այն հրապարակվել է մարտի 2-ին, հանրային քննարկման կլինի մինչև մարտի 17-ը։