Ղազախստանում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում՝ ոստիկանականական համակարգում բարեփոխումների և նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքը երկրի փաստացի կառավարումից հեռացնելու պահանջով։
Շուրջ 100 հակակառավարական ակտիվիստներ Անկախության տոնը նշում էին մայրաքաղաք Նուրսուլթանի և Ալմա Աթայի տարբեր հատվածներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ իրականացնելով։
Ցուցարարները վանկարկում էին «Արթնացիր Ղազախստան» կարգախոսը, ունեին «Ղազախստանն առանց Նազարբաևների», «Խորհրդարանական հանրապետություն» բողանդակությամբ պաստառներ։ Թե Նուրսուլթանում, թե Ալմա Աթայում ցուցարարներին թույլատրվում էր երթեր իրականացնել նախատեսված վայրերում, իսկ փողոց դուրս գալու դեպքում՝ բերման էին ենթարկվում։
79-ամյա Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա մարտին՝ իշխանությունը փոխանցելով իր իսկ ընտրած թեկնածուին։ Երկրի առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 30 տարի՝ սկսած Խորհրդային ժամանակներից։ Պաշտոնանկությունից հետո էլ նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում, կրում է անվտանգության խորհրդի նախագահի տիտղոսը, ղեկավարում է իշխող կուսակցությունը։
Ղազախստանի նոր նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, խոստացել էր ազատականացնել բողոքի ակցիաները կարգավորող օրենքները, որոնց ներկայիս տարբերակի համաձայն ցանկացած հանրահավաք կամ երթ իրավական ճանապարհով կարելի է ապօրինի համարել։ Որևէ փոփոխություն այդ ոլորտում դեռևս չկա։