թարմացումները՝ տելեգրամում
Ղազախստանում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են (հեղուկ) գազի թանկացման դեմ բազմամարդ ցույցերը։ Իշխանությունները երեկոյան որոշակիորեն նահանջել էին, գիշերը՝ անցել հարձակման։ Ալմաթիում բախումներ են. լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառում, ցուցարարները՝ այրում ոստիկանական մեքենաներ․․․
Բողոքի ակցիաները մեկնարկել են Մանգիստաուի մարզի Ժանաոզեն քաղաքից, որտեղ տասը տարի առաջ նավթարդյունաբերության ոլորտի աշխատակիցների ցույցը ցրելիս ոստիկանները 17 ցուցարար էին սպանել։ Տեղային մամուլի տվյալներով՝ Ժանաոզենի ցույցերին հետագայում միացել են նաև մյուս քաղաքները, այդ թվում՝ Մանգիստաուի մարզկենտրոն Ակտաուն և նախկին մայրաքաղաք Ալմաթին։
Ամանորից առաջ գազի մեկ լիտրը Ղազախստանում արժեր 95 թենգե, այժմ սակագները բարձրացել են՝ հասնելով 120 թենգեի (մոտ 28 ցենտ)։
Ղազաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կարգադրությամբ և փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է պատվիրակություն, որը բանակցություններ է սկսել ցուցարարների հետ՝ խոստանալով գազի գնի իջեցում (մեկ լիտրը՝ 11 ցենտ՝ համապատասխան ցուցարարների պահանջին)։ Սակագնի իջեցումը, սակայն, կվերաբերի միայն Մանգիստաուի մարզին և կապահովվի «ҚазМұнайГаз» կազմակերպության հաշվին։ Խոստումները ցուցարարներին չեն բավարարել․ Մանգիստաուում, ի թիվս այլի, մարդիկ պահանջում են աքիմ (մարզի ղեկավար) Նուրլան Նոգաևի հրաժարականը, մնացած քաղաքներում՝ գազի սակագնի իջեցում։ Գնալով առաջին պլան է մղվում քաղաքական օրակարգը, հնչում են նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի (զբաղեցնում է ԱԽ քարտուղարի պաշտոնը, համարվում է Ղազախստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը) և գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրաժարականի պահանջներ։
Իշխանություններն ավելի վաղ երաշխավորել էին նաև, որ հրապարակում հավաքված մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվի։ Խոստումները ցուցարարներին չեն բավարարել։ Համացանցում տարածվող տեսանյութերում լսվում է, ինչպես են ցուցարարները վանկարկում «Ծերուկ, հեռացիր»
Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվել է։ Հաղորդվում է, որ երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում, ուժայիններն ընդդեմ ցուցարարների լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառում։
https://t.me/infantmilitario/64764
https://twitter.com/novaya_gazeta/status/1478445188016222216?s=20
Քաղաքի կենտրոնում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել, նկատվում է նաև հատուկ տեխնիկայի շարժ։
https://twitter.com/novaya_gazeta/status/1478443408280674311?s=20
Ցուցարարները ոստիկանական մեքենաներ են ջարդում․ ոստիկանական առնվազն 4 մեքենա է այրվել, մեքենաներից մեկը պայթել է՝ գրում է КазТАГ-ն։
https://twitter.com/novaya_gazeta/status/1478456282541694978?s=20
Ալմաթիի կենտրոնում նկատվում են նաև ԲՏՌ-ներ։
Հեղուկ գաղի թանկացման դեմ ցույցերը Ժանաոզենում մեկնարկել են հունվարի 2-ի առավոտյան։ Հունվարի 1-ին գազի լիտրի գինը կազմում էր 0.27 դոլար։ Ցուցարարները նշում էին, որ նախորդ տարի գազի լիտրը մոտ 0.13 դոլար արժեր և պահանջում նվազագույնը կիսով չափ իջեցնել սակագները։ Կառավարությունը գնաճը պատճառաբանում էր գազի ինքնարժեքի թանկացմամբ։
10 տարի առաջ նույն մարզում գազի գինը կազմում էր մոտ 0.07 դոլար՝ մեկ լիտրի դիմաց։ 2011 թվականին նավթի արդյունահանմամբ զբաղվող Ժանաոզեն քաղաքում մի քանի ամիս շարունակ ցույցեր են տեղի ունեցել․ մարդիկ պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում։ Ցույցերը ճնշվել են իշխանության կողմից ուժի կիրառմամբ, որի արդյունքում 17 մարդ սպանվել է, մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ Գազի սակագները հետագայում պարբերաբար աճել են։