Մարտի 1-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում շուրջ 100 քաղաքացի է բերման ենթարկվել՝ Նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքականությունից հեռանալու պահանջով և վերջերս մեկուսարանում մահացած ակտիվիստ Դուլաթ Ագադիլի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ։
Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության փոխանցմամբ, ոստիկանությունն արգելափակել էր հրապարակներն այն քաղաքներում, որոնցում հանրահավաքներ էին նախատեսվում՝ Նուր֊Սուլթան, Ալմաթի, Շիմքենթ, Ակտոբե։
Բերման ենթարկվածները վանկարկում էին «Ո՛չ բռնատիրությանը», «Ծերո՛ւկ, հեռացի՛ր», նույն բովանդակությամբ պաստառներ ունեին։
Բողոքի ակցիաների դուրս գալու կոչեր անում էին «Արթնացի՛ր, Ղազախստան» կազմակերպության ակտիվիստներն ու Ղազախստանում արգելված, արտասահմանում բնակվող ընդդիմադիր Մուխտար Աբլյազովի «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպությունը։
Նազարբաևը պաշտոնից հեռացել էր անցյալ տարի՝ իր համար մեծ լիազորություններ պահպանելով։
- Ակտիվիստ Դուլաթ Ագադիլը մահացել է փետրվարի 25-ին Նուր֊Սուլթանի քնչական մեկուսարանում՝ բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց։ Ըստ նախնական վարկածի, մահվան պատճառը սրտանոթային անբավարարությունն էր։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
- Ակտիվիստներն ու իրավապաշտպանները պահանջում են հետաքննել նրա մահվան հանգամանքները, չբացառելով թունավորման վարկածը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անձամբ ուսումնասիրել է գործի մանրամասներն ու կարող է պնդել, որ Ագադիլի մահվան պաշտանական վարկածը համապատասխանում է ճշմարտությանը։