Home / Մարզեր / Էթնիկ ջարդեր Ղազախստանում․ կան զոհեր

Էթնիկ ջարդեր Ղազախստանում․ կան զոհեր

Ղազախստանի Ժամբըլի մարզի Քորդայի շրջանում զանգվածային անկարգությունների զոհերի թիվը հասել է տասի։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հակամարտության պատճառը կենցաղային վեճն է եղել, որը «միջժողովրդային հարթություն է տեղափոխվել»։ Ծեծկռտուքը սկսվել է ուրբաթ օրը Մասանչի գյուղում, որի բնակչության մեծ մասը դունգան էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ են։

Փետրվարի 8-ի գիշերը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին գտնվող Սորթոբե և Մասանչի գյուղերում զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Շրջանի ղեկավարի հաղորդմամբ, կռվին մասնակցել է շուրջ 1000 քաղաքացի, ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հրազենային զենքեր են կիրառել։ Այրվել են մի քանի տասնյակ բնակելի տներ, խանութներ, ավտոմեքենաներ։ Տուժել են նաև ոստիկանության որոշ աշխատակիցներ։

Ղազախստանի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ հակամարտության պատճառը կենցաղային վեճն է եղել։ Ներքին գործերի նախարարությունը չի բացառում էթնիկ հիմքով կռվի վարկածը։ Այդ շրջանում դունգանների մեծ համայնք կա։

Դունգանները հիմնականում Չինաստանում են ապրում, իսլամ են դավանում ու խոսում են սինատիբեթյան խմբի լեզվով։

Փետրվարի 8-ի երեկոյի տվյալներով, Ղազախստանից Ղրղզստան տեղափոխվել է շուրջ 4.5 հազար մարդ։ Նուրսուլթանը անկարգությունների պատճառով Ղրղզստան փախածներին կոչ է արել տուն վերադառնալ։ Ղազախստանի ավելի քան հազար քաղաքացիներ՝ հետևելով  իշխանությունների կոչին, փետրվարի 9-ին անցել են Ղրղզստանի սահմանն ու Ղազախստան վերադարձել։ Ղրղզստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով, ղազախների և դունգանների միջև բախումներից հետո Ղրղզստան է գնացել ավելի քան 4500 դունգան։

Այս պահին Քորդայի շրջանում իրավիճակը կայուն է, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել անկարգությունների սադրիչներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ բախումները կանխելու հարցում թերանալու համար։

Ղազախների և էթնիկ այլ խմբերի միջև (տաջիկներ, չեչեններ, թուրքեր և այլն) հակամարտություններ Ղազախստանում հաճախ են լինում։ Իշխանությունները սովորաբար պնդում են, որ պատճառը կենցաղային վեճն է եղել՝ շրջանցելով էթնիկ հարցերը։ Ղազախստանի կառավարությունը փորձում է երկիրը ներկայացնել որպես միջժողովրդային և միջդավանական խաղաղությամբ պետություն։

Փետրվարի 8-9 Ղրղզստանում հոսպիտալացվել է Ղազախստանի 34 քաղաքացի, 13-ը դեռևս հիվանդանոցում են։ Ղազախստանում բուժհաստատություններ են տեղափոխվել 39 քաղաքացիբերմ այդ թվում  հրազենային վնասվածքներով ոստիկանության աշխատակիցներ։

Բախումները սկսվել են փետրվարի 7-ին Ժամբըլի մարզում՝ Ալմաթիից 130 կմ դեպի արևմուտք։ Կառավարությունը Քորդայի շրջանում արտակարգ իրավիճակ էր հայտարարել։

Հաղորդագրությունների համաձայն, գյուղերի բնակիչները միմյանց վրա հարձակվում էին խմբերով։ Տներ էին այրվում, մեքենաներ էին շրջվում։

Փետրվարի 9-ին հակամարտության տարածքներ կատարած այցի ժամանակ Ղազախստանի վարչապետ Բերդիբեկ Սապարբաևը հավաստիացրել է, որ վնասված տները կվերանորոգվեն։

Ղրղզստանի սահմանապահ ծառայության փոխանցմամբ, Ղազախստանից սահմանը հատում էին հիմնականում կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Նրանց տաք սնունդ ու ապաստան էր հատկացվում։