Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ի վերջո ձերբակալվեց՝ հատուկ ջոկատայինների կողմից նրա տան վրա իրականացված երկրորդ գրոհից հետո:
https://www.youtube.com/watch?v=idX6dZn2o7o
Այսօր ավելի վաղ իրավապահները վերստին շրջապատել էին նախկին առաջնորդի՝ Կոյ Տաշ ավանում գտնվող առանձնատունը․ հատուկ այդ գործողությանը մասնակցել են ներքին գործերի նախարարության մոտ 2000 աշխատակիցներ, բուն գործողությունը ղեկավարել է Ներքին գործերի նախարար Քաշքար Դջու-նուշ-ալիևը:
Ատամբաևի շտաբից հաղորդում են, որ նախկին նախագահն ինքն է հանձնվել իրավապահներին՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար: Երեկ նրան ձերբակալելու՝ ուժայինների փորձն ավարտվել էր անհաջողությամբ, Ատամբաևի աջակիցները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ, հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան 5 տասնյակ մարդ՝ վիրավորվել։
Այսօրվա իրադարձությունների հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, տուժել են հինգը, չորսը իրավապահներ են, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել, մեկը՝ շարքային քաղաքացի, ով վնասվել է լուսաձայնային նռնակի պայթյունից:
Ատամբաևը, ով ղեկավարել է Ղրղզստանը 2011-17 թթ․, մեղադրվում է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու և խոշոր կոռուպցիայի համար: Վերջինս կտրականապես հերքում է այս մեղադրանքները: