Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 4 մարդ է զոհվել․ ղրղզական կողմից մեկ սահմանապահ և ևս 3-ը՝ Տաջիկստանի կողմից։ Բիշկեկն ու Դուշանբեն հակամարտության պատասխանատվությունը միմյանց վրա են բարդում։
Հայացք Ղրղզստանից
Ղրղզստանի Սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն, միջադեպի մեղավորը տաջիկական կողմն է․ հենց Տաջիկստանի տարածքից են ռմբակոծվել ղրղզական «Մասկատ», իսկ ավելի ուշ՝ «Սայ» սահմանային պահակետերը։ Տվյալներ կան, որ տաջիկ զինվորականները նռնականետեր են կիրառել։
Ղրղզստանի Հանրապետության Առողջապահության նախարարության տվյալներով, միջադեպի արդյունքում Ղրղզստանի 14 քաղաքացիներ վիրավորվել են, որոնցից մեկը՝ 40-ամյա սահմանապահ Ռավշան Մումինովը, մահացել է։ Մյուս 13-ը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։
Հայացք Տաջիկստանից
Տաջիկստանի Սահմանապահ ուժերի ղեկավարությունը մահացածների ու վիրավորների մասին որևէ հայտարարություն դեռևս չի արել։ Դա արդեն սովորական դարձած իրադրություն է․ Տաջիկստանի սահմանապահները իրադարձություններին արձագանքում են 1-2 օր կամ նույնիսկ մեկ շաբաթ ուշացմամբ։
Տաջիկստանի կողմի զոհերի և վիրավորների մասին պաշտոնական հաղորդում չի եղել։ Սակայն Սոգդիյան մարզի իշխանությունները հաստատել են 3 սահմանապահների մահվան փաստը՝ Ռուստամ Ուբայդուլոյև (35 տարեկան), Ռամազոն Իսլոմով (21) և Գիյոսիդին Սուվանովը (19)։
Փոխադարձ մեղադրանքներ
Կոնֆլիկտը սկսելու պատասխանատվությունը Բիշկեկն ու Դուշանբեն միմյանց վրա են բարդում։
Սեպտեմբերի 17-ի առավոտյան Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարությունը սահմանին հրաձգության հետ կապված բողոքի նոտա է հղել Ղրղզստանում Տաջիկստանի դեսպանին։
Ղրղզստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպը սահմանի չցուցակագրված տարածքներում Տաջիկստանի կողմից ռազմական դիտակետի շինարարության արդյունքն էր, որը համաձայնեցված չէր ղրղզական կողմի հետ և որի պատասխանատվություննը Տաջիկստանի վրա է։
Նույն օրը երեկոյան Տաջիկստանի ԱԳՆ-ն հաղորդել է Ղրղզստանին պատասխան բողոքի նոտա հղելու մասին։
Տաջիկական արտաքաղաքական գերատեսչությունից հաղորդեցին, որ ղրղզական կողմը դեպքի վայր 250-300 զինծառայոզ է բերել, ովքեր կրակ են բացել տաջիկական Բախոր գյուղի խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը ստիպել է Տաջիկստանի սահմանապահներին դիմել պատասխան միջոցների՝ խաղաղ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Պետությունների ղեկավարների բանակցությունները
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդայի հետ։
Ղրզստանի հանրապետության մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու երկրների ղեկավարները քննարկել եմ համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։ Փոխվարչապետերն ու սահմանապահ ծառայությունների տնօրենները տեղում կշարունակեն հետագա աշխատանքները։
Տաջիկաղրղզական սահմանի երկարությունը 976 կմ է, որից սահամանազատված է 504կմ։ Սահմանի անորոշ գիծը սահմանապահ շրջաններում շարունակական հակամարտությունների պատճառ է դառնում։