Օգոստոսի 16-ին լրատվականներում տեղեկություններ հայտնվեցին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ Այսուլթան Նազարբաևի մահվան մասին։ 29-ամյա Այսուլթանը մահացել է Լոնդոնում, նախնական վարկածով՝ սրտի կանգից։
Մահվան փաստը հաստատել է մայրը` Ղազախստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դարիգա Նազարբաևան։ Նրա ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևի անվան հիմնադրամը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Իմ ընտանիքը խորապես ցավում է մեր սիրելի Այսուլթանի մահվան կապակցությամբ։ Այս ծանր պահին մենք հուսով ենք, որ հասարակությունը հասկացողություն և հարգալից վերաբերմունք կցուցաբերի մեր անվերադարձ կորստի նկատմամբ»։
Սա Դարիգա Նազարբաևի առաջին մեկնաբանույթունն է որդու մասին, ով վերջերս հաճախ էր սկանդալների կենտրոնում հայտնվում։
2019-ի հոկտեմբերին բրիտանական դատարանն Այսուլթան Նազարբաևին պայմանական պատժի էր դատապարտել ոստիկանի վրա հարձակման համար՝ պարտադրելով նարկոլոգիական բուժում անցնել Լոնդոնի կլինիկայում։ Փետրվարին Ղազախստանի նախկին նախագահի թոռը հայտարարեց որ Բրիտանիայում ապաստան ստանալու հայտ է ներկայացրել։
«Ես Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան եմ խնդրել։ Իմ վերջին հինգ տարիները մոխրագույն գծերով են պատված։ Ժամանակն է, որ մարդիկ իմանան ինչ է իրականում կատարվել և ինչու։
Ես տեղեկություններ ունեմ Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունների միջև մեծամասշտաբ կոռուպցիայի մասին: Խոսքը Ղազախստանի ժողովրդից գողացված մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է», – ֆեյսբուքի իր էջում գրել էր Այսուլթանը։
Վերջին ամիսներին Այսուլթանը պարբերաբար քննադատական գրառումներ էր անում իր ընտանիքի անդամների հասցեին։ Ֆեյսբուքի իր էջում գրում էր կառուպցիայի ու փողերի լվացման մասին։ Պնդում էր, որ այդ ստվերային սխեմաների շահառուները Նազարբաևներն ու իրենց մտերիմներն են։ Այսուլթանը նշում էր, որ սպառնալիքներ է ստանում մոր կողմից։
Նազարբաևների ընտանիքն այդ գրառումներին որևէ կերպ չէր արձագանքում։ Դարիգա Նազարբաևան մի քանի անգամ հրաժարվել է պատասխանել Ազատություն ռադիոկայանի ղազախստանյան ծառայության հարցերին։ Այս տարվա փետրվարին Տեղեկատվության և հանրային զարգացման նախկին նախարար Դաուրեն Աբաևը հայտարարեց, որ «էթիկապես ճիշտ չէ քննարկել, մեջբերել, հղվել մի մարդու խոսքերի վրա, ով թմրանյութերից կախվածության բուժում է ստանում»։ Նա նաև նշեց, որ Այսուլթանի հրապարակումներն արվում են կոնկրետ մարդկանց մանիպուլյացիաների պատճառով։ Հստակ անուններ նախարարը չնշեց։ Աբաևը հայտարարեց, որ Այսուլթանի դրությունը «առաջին հերթին ողբերգություն է իր մոր համար»։
Անձամբ Դարիգա Նազարբաևան ու նրա մտերիմները խուսափում էին Այսուլթանի մասին մեկնաբանույթուններ անելուց։ Մայիսին Նազարբաևան զրկվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից, երբ նոր նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը հրաման ստորագրեց, որով կասեցրեց Դարիգայի պատգամավորական գործունեությունը։ Նոր պաշտոն Նազարբաևան չստացավ։ Փորձագետների կարծիքով, դրա պատճառներից մեկը Այսուլթանի պահվածնքն էր։
Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայանի ղազախստանյան ծառայություն