Այսօր առավոտվանից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է։ Մասնակիցները Ժոգորկու Քենեշի (Ղրղըզստանի խորհրդարան) պատգամավորներից պահանջում են չընդունել ՀԱՊԿ-ի որոշումը՝ համարելով, որ այն, ինչ կատարվում է Ղազախստանում, հանրապետության ներքին գործն է, որը չի պահանջում ՀԱՊԿ-ի միջամտությունը։
Տեղից հրապարակվող տեսանյութերում երևում են ցուցարարների պաստառները․ «Մեր զինվորներին մի դարձրեք դահիճ և ինտերվենտ», «Պահանջում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից», «Ղրղըզստանը չի աջակցելու ագրեսոր Տոկաևին»։
«Մենք սպոնտան ենք հավաքվել։ Դեմ ենք ՀԱՊԿ-ի որոշմանը, քանի որ կազմակերպության ուժերը կարող են օգտագործվել միայն արտաքին ագրեսիայի դեպքում։ Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, ներքին գործընթացներ են։ Մենք կարծում ենք, որ Ղրղըզստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չպետք է միջամտեն»,- ասել է ցուցարարներից մեկը։
24kg-ի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցում է մոտ 50 մարդ։
Խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել։ Փակ դռների հետևում պատգամավորները պետք է քննարկեն Ղրղըզստանի զինված ուժերին Ղազախստան ուղարկելու հարցը։
Քվորում չապահովելու պատճառով՝ խորհրդարանի նիստը տեղափոխվել է վաղը։
Ղրղըզստանի նախագահի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաևը հայտարարել է, որ եթե նույնիսկ երկրի զինվորականները ուղարկվեն Ղազախստան, նրանք հսկելու են ռազմավարական նշանակության օբյեկտները․
«Ղրղըզ զինծառայողները Ղազախստանում ցույցերի մասնակիցների հետ որևէ գործողության մեջ չեն ներգրավվելու»։