Առկա իրավիճակը հաշվի առնելով, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն առանց ռազմական բախումների վտանգնի իրականացնելու համար։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաինյանը՝ հավելելով՝ հարցը պատրաստվում են քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ։
«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն:
Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։
ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», – նշել է Փաշինյանը։
Ի հեճուկս Հայաստանի կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․ Ադրբեջանը, ըստ նրա, շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված առաջարկները։
Նա կրկին մատնանշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։
Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել ԵԱՀԿ ՄԽ նախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությանը, որով առաջարկվում էր վերսկսել երկխոսությունը։ Մինչդեռ Հայաստանը, ըստ Փաշինյանի, բազմիցս ընդգծել է ցանկացած պահի բանակցությունները սկսելու իր պատրաստակամությունը։
Փաշինյանը կրկին շեշտեց՝ Ադրբեջանում շարունակում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների, ինչը եռակողմ հայտարարության 8-րդ կետի խախտում է։
«Վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մադատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է», – հավելել է Հայաստանի ղեկավարը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը նաև հետևողականորեն վարկաբեկում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման․ «Ի հեճուկս այն բանի, որ ո’չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո’չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ «միջանցքի» թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ»։
Հայաստանը, սակայն, «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց»։
«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հյասատանի տարածքով՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագրի իրականացման համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, օրինակ՝ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։ Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը», – վերստին ընգծել է Փաշինյանը։