Home / Շուկա / Երևանյան ՋէԿ-ում կարողացել են 21 միլիարդի չարաշահում կազմակերպել

Երևանյան ՋէԿ-ում կարողացել են 21 միլիարդի չարաշահում կազմակերպել

«Երևանի ՋԷԿ»-ում ավելի քան 21 միլիարդ դրամի՝ շուրջ 43 միլիոն դոլարի առերևույթ չարաշահումների հիմքով քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազությունը ստացել և ուսումնասիրել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությունում իրականացված ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

«Պարզվել է, որ ընկերությունում շինաշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինաշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21 միլիարդ 10 միլիոն 739 հազար 100 դրամի վնաս», – ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

ՊՎԾ-ի ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պետությանն ու ընկերությանը էական վնաս պատճառելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՔՕ համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե:

Tekali Taxi