Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը, համոզված են աշխատակիցները:
Իրենք անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը բարձրահարկ բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը և համոզված են, որ ապագայում այն կոնֆլիկտների պատճառ է դառնալու:
«2007 թվականին ապօրինի կերպով ինստիտուտը զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։
Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլև հանդիսանում է միկրոկլիմայի և միկրոէկոլոգիական համակարգի ամենակարևոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները:
Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բնակիչները, ամենայն հավանականությամբ, ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։ Հարց է առաջանում՝ այդ ժամանակ կենտրո՞նն է փակվելու, թե՞ նորակառույց շենքն են քանդելու», – հարցնում է կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցույցի դուրս եկած գիտնականներն ու աշխատողների խոսքով՝ Կենտրոնը այն եզակի կառույցներից է, որն ունի դեղորայքի պատրաստման տեխնոլոգիաներ. հետագայում դրանք կարող են ռազմավարական նշանակություն ունենալ երկրի համար:
Կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի կառուցել։ Այդտեղ սպասվող շինարարական աշխատանքները անմիջապես վտանգելու են կենտրոնի մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստները։
Անհանգստության պատճառ է հանդիսացել հուլիսի 21-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Քննարկված առաջին ներդրումային ծրագիրը վերաբերում էր Ազատության պողոտայի սկզբնամասում, այսինքն՝ քիմիական կենտրոնի տարածքում վերոնշյալ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը: Նիստի ընթացքում հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանջներն ու չափորոշիչները:
«Մեզ համար անընդունելի է, որ նիստի ժամանակ առհասարակ քննարկման չի դրվել այն հարցը, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել քիմիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում»:
Epress.am-ի հետ զրույցում երիտասարդ աշխատողներից մեկը նկատեց, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Իսկ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և այլևս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 դոլար արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։
Ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել վարչապետի պաշտոնակատարին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Վերջինիս հետ հնարավորություն ունեցան զրուցել կառավարության նիստից անմիջապես առաջ:
Նախարարն ասել է, որ նշված օրը քննարկման ժամանակ իսկապես բարձրաձայնվող խնդրին ծանոթ չեն եղել, և, պարզելով, որ խոսքը 280 աշխատողների մասին է, խոստացել հարցը բարձրացնել կառավարությունում: