Մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ կքաշվեն սահմանագծից։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Աշխատանքներ են գնում ռուս գործընկերների տեղակայման հետ կապված, ընթացքի մեջ է, կկարգավորվի: Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում», – նշել է պաշտոնյան:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել է այս տեղեկությունը, սակայն հավելյալ ոչինչ չի ասել։
Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, օրեր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող, որոնցից չորսը, սակայն, հետագայում վերադարձվել են։
Մայիսի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել էր Երևանի միջազգային գործընկերներին, ինչպես նաև Ադրբեջանին՝ սահմանային լարվածությանը բանակցային լուծում տալու առաջարկով։ Փաշինյանն առաջարկել էր, որ երկու կողմերը հայելային կերպով հետ քաշվեն սահմանից, իսկ սահմանի երկայնքով տեղակայվեն ռուսական կամ միջազգային սահմանապահներ։