Ադրբեջանի զինուժերի ներկայացուցիչներն այսօր կրակ են բացել հայկական դիրքերի վրա, հաղորդում է ՊՆ-ն։
Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների՝ ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ: Հայկական կողմը պնդում է, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են։ Ադրբեջանը, ի հակառակ, հայտարարում է, որ դիրքավորվել է սեփական հողերում։ Քանի որ հայ-ադրբեջանական սահմանը Խորհրդային միության փլուզումից հետո չի սահմանազատվել, միջազգային դերակատարները և հատկապես Ռուսաստանը միջադեպին անդրադառնում են հիմնականում դելիմիտացիայի/դեմարկացիայի անհրաժեշտությունը շեշտող դիրքերից։
Սահմանին պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում․ մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիներական զինվորականները գերեվարել են 6 հայ զինծառայողների:
Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի նախագահին։ Մայիսի 27-ի ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանգուցալուծել լարվածությունը՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշելով երկու կողմերի զինված ուժերը և դիմելով Ռուսաստանին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ նշված տարածքներում միջազգային դիտորդներ տեղակայելու հայցով: Ադրբեջանական կողմն առ այսօր հրապարակային որևէ պատասխան այս առաջարկին չի տվել։