Ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը, հաղորդում է Դատախազությունը։
«Տվյալներ են ստացվել դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9 մլն դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:
Հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդայում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9 մլն դրամ ընտրակաշառքի փոխանցման պահին։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է։ ․․․Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել», – ասված է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածները հրաժարվել են ցուցմունք տալ։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 34-154.2-րդ (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ) 2-րդ մասի հատկանիշներով։
Խլղաթյանի պաշտպաններն ավելի վաղ հայտարարել էին, թե նրա «ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ», «ամբողջը շինծու և ապօրինի է»։