Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող անկլավները պետք է մնան ադրբեջանական, իսկ Հայաստանի կողմից վերահսկվողները՝ հայկական հսկողության տակ։ Այս մասին նա հայտարարել է Բերդում՝ քարոզարշավի ժամանակ։
«Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հրադադարի հայտարարությունը (դա պայմանագիր չէ՝ շատ կարևոր է ընդգծել), իրոք այնտեղ անկլավների հետ կապված թեմա եղել է։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է։»
Հայաստանի ղեկավարը շեշտել է՝ անկլավների հարցը բանակցությունների ընթացքում քննարկվել է դեռևս 1999-ին և հիշեցրել, որ անկլավների թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում, և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշել այն։
«Հիմա որն է մեր պատկերացումը, ինչ պետք է անենք։ Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողում են։ Ինչու, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,- հայտարարել է վարչապետի ժ/պ-ն։
Փաշինյանը հիշեցրել է՝ Արծվաշենը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միակ հայկական տարածքը չէ։
«Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսօր մեր գյուղերում, գիտեք, հազարավոր հեկտարներով վարելահողեր կան, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ․․․ Մենք էլ դրել ենք դա բանակցային սեղանին և ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում»,- եզրափակել է պաշտոնյան։