ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու մասին դատախազության միջնորդությունը:
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր գալիք ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը (որը նաև պատգամավորի թեկնածու է) և քարտուղարը: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է․ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է:
Դատախազությունը երեկ դիմել էր ԿԸՀ՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Ընտրությունները վերահսկող կառույցն այսօր տվել է համաձայնությունը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով: