Երեկ բացահայտվել է գալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընտրակաշառքի առաջին դեպքը՝ մեծաքանակ մթերքի տեսքով: Գործով կան ձերբակալվածներ, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան, ըստ ցուցակի, բաժանել ընտրողներին:
Կառույցը նաև նշում է, որ այսօր առավոտից՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք, յուրաքանչյուրը՝ մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ է արուցվել: Ա. Ա.-ն և Ս. Զ.-ն բերման են ենթարկվել:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, իսկ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է:
Նախօրեին Հայաստանի գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու։ Արթուր Դավթյանը, սակայն, հիշեցրել էր, որ նախընտրական քարոզարշավն ընթացքի մեջ է, և նախընտրել էր չհրապարակել, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում ձերբակալված թեկնածուն: Դավթյանը նաև ասել էր, որ ընտրակաշառքը մեծաքանակ մթերքի տեսքով է եղել: Նույն օրը դատախազությունը հայտնել էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի մասին, որի առթիվ քրեական գործ էր հարուցվել, երկու անձ բերման էր ենթարկվել:
Սա վստահաբար ընտրակաշառք տալու և ընտրությունների վերահսկման առաջին փորձը չէ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ուսանողներին ընտրակաշառքի բաժանման, քաղաքական տարբեր ուժերի կողմից մարդկանց անձնագրային տվյալների հավաքագրման դեպքեր։