Ազգային ժողովն արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
Դրա հեղինակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, նեկրայացնելով նախագիծը, նշեց, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ փորձ է արվում կանխել խախտումները, խախտելու դեպքում էլ՝ պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում է գործող օրենքը։
«Մինչև հեղափոխությունը ընտրությունների ժամանակ, հիշում եք, երբ ինչ-որ խմբեր փորձում էին ընդդիմության քարոզարշավը խոչընդոտել, հետո մնում էին անպատիժ, որովհետև այս նորմը չկար»։ Նրա խոսքսվ՝ տվյալ նորմը կօգնի պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն խոչընդոտել քարոզարշավը՝ անկախ վերջիններիս քաղաքական հայացքներից։
Քրեական օրենսգրքում փոփոխություններից մեկով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում:
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքում նախկին 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկումը փոխարինվում է առավելագույնը երեք տարվա պատժաչափով։
Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար քրեական պատասխանատվություն ևս. առավելագույնը 6 տարի ազատազրկում:
Ներկայիս Քրեական օրենսգրքում բացեր կան նաև ընտրակաշառքի մասով, ասել է պատգամավորը։ Առաջարկվող փոփոխությունով՝ ցանկացած անձ քրեական պատասխանատվության կենթարկվի, առավելագույնս 5 տարի ազատազրկմամբ, եթե փորձի նյութապես շահագրգռել մարդկանց հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով:
«Եթե անձն ընտրակաշառք է բաժանում, բայց ասում է՝ ես ընդհանրապես կապ չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, թաքցնում է, ու ասում է՝ դե, ապացուցեք, որ կապ ունեմ, այդ դեպքում ինքը այդ հոդվածի տիրույթից դուրս է գտնվում: Այս լրացումը նրա համար է, որ ցանկացած ոք, ով ընտրությունների նշանակումից հետո կփորձի ընտրակաշառք բաժանել, ենթարկվի քրեական պատասխանատվության», – ասաց Հովակիմյանը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չէր կիսում գործընկերոջ լավատեսությունը․ «Կարող եմ գրազ գալ Ձեզ հետ, որ այս փոփոխությունները իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ, ընտրությունների օրը»։
Նա նաև հավելեց՝ ԱԺ մեծամասնությունը որևէ բան չարեց, որպեսզի այսօր նախկին իշխանություններն օրակարգ չթելադրեն։
«Դուք ուղղակի չգիտեք ձեր գլխի գալիքը և թե ինչ արհավիրք եք բերել:
Մենք հիմա խելոք նստել, մտածում ենք՝ էլ ի՞նչ անենք, որ Քոչարյանին ու նրա մյուս դավաճան գործակիցներին ու հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան ազդեցություն գործել:
Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական պրոցեսը ազատ, արդար և թափանցիկ, ինչպես դուք էիք նշում, անցկացնել»:
Փաստաթուղթը պետք է հաստատի նախագահի կողմից․ այս հարցը բարձրացրեցին որոշ պատգամավորներ։ Չստորագրելու դեպքում, ինչպես դա արվեց այլ օրենսդրական նախաձեռնությունների դեպքում, գործընթացը կարող ա ամիսներ տևել, իսկ ընտրությունները նշանակված են հունիսի 20։
Մեծամասնության ներկայացուցիչների խոսքով՝ Սարգսյանը տեղյակ է առաջարկվող բարեփոխումներից, անհրաժեշտության դեպքում էլ՝ իրենք պատրաստ են առանձին մանրուքներ քննարկել։