«Ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»․ Նիկոլ Փաշինյանն առավոտյան տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ այսօրվանից սկսած երկիրը կշարունակի ղեկավարել իբրև վարչապետի ժամանակավոր պաշտոնականատար։
«Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու», – ասաց նա` հայտարարելով, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ իշխող խմբակցությունն էլ վարչապետ չի ընտրի: Այդ դեպքում արդեն Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ընդունել է կառավարության հրաժարականի դիմումը։
Փաշինյանն ընդգծել է, որ գալիք ընտրություններում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ հանդես գալով որպես վարչապետի թեկնածու։
Հիշեցնենք՝ դեռևս մարտի 18-ին հայտարարվել էր, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։