Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ ընտրություններն են:
«Հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – գրել է վարչապետը:
Առայժմ հստակ չէ, թե ընտրությունների հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով են անցնելու, թե՞ իշխող ուժի առաջարկած և շրջանառությամբ մեջ դրված նոր օրենսգրքով։
Ըստ Սահմանադրության, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի․ եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրում նոր վարչապետ, նշանակվում են նոր ընտրություններ։