Հայերի վերքը կարող է բուժել ոչ թե Բայդենի, այլ Թուրքիայի ճանաչումը, կարծում է թուրքական խորհրդարանի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը։
Civilnet-ի հետ զրույցում Փալյանը կարևորել է այլ պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչումը, և հիշեցրել՝ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի, որն օգտագործում է արտաքին հարաբերություններում։ Օտար պետությունների ճանաչումն ինքնին ճանաչման խնդիրը չի լուծում, ուստի՝ անհրաժեշտ է ձգտել Թուրքիայի ճանաչմանը։
Պատգամավորի կարծիքով՝ դրան հասնելու համար առանցքային է ժողովրդավար Թուրքիա ունենալը, ինչի համար պայքարում են ինքն ու իր համակիրները։ Գործիչը, սակայն, կարծում է, որ «այդ երազը դեռ շատ հեռու է»․ Թուրքիայում այժմ ևս իշխում են ազգայնականները։
Փայլանը հայտնել է, որ այսօր Ցեղասպանության ճանաչման նախագիծ է առաջադրել Թուրքիայի խորհրդարան, որում ճանաչումից բացի առաջարկվում է Ցեղասպանության համար պատասխանատու ճանաչել Թալեաթ և Էնվեր փաշաներին և նրանց համակիրներին, վերջիններիս անունները մաքրելով Թուրքիայի դպրոցներից և փողոցներից։ Նախագծով նաև առաջարկվում է քաղաքացիություն տրամադրել Ցեղասպանությանը զոհ դարձած և այն վերապրած մարդկանց ժառանգերին։
«Կարող եմ ասել, որ օրենքի առաջարկն այսօր չի ընդունվի։ Բայց մի օր դա տեղի կունենա»,- նշել է պատգամավորը
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կօգտագործի «ցեղասպանություն» բառը, Փայլանը նշել է․ «Այսօր նախագահ Բայդենը պիտի խոսի և կարծեմ «Հայոց ցեղասպանություն» բառը գործածի։ Սա կարևոր բան է, բայց ես Թուրքիայի պատգամավոր եմ և կարող ասել․․․ բոլոր հայերս պիտի խորհենք՝ երբ Բայդենն ասի «ցեղասպանություն», մեր վերքը բուժվա՞ծ կլինի։ Պիտի այս հարցը տանք։ [Ես] չեմ կարծում, չի լինի։ ․․․ Ամենակարևոր նախագահը և ամենակարևոր խորհրդարանը, որ պետք է օգտագործեն «ցեղասպանություն» բառը, Թուրքիայի խորհրդարանն ու Թուրքիայի նախագահն են։ Սրա համար էլ պետք է պայքարենք՝ բոլոր ժողովրդավար թուրքերի և քրդերի հետ, որպեսզի Թուրքիան ժողովրդավար երկիր լինի։ Այս ոճիրը Թուրքիայում է եղել, և արդարություն էլ պիտի գտնենք Թուրքիայում..»
Փայլանը նաև նշել է, որ թուրքական խորհրդարանի մեծամասնությունը, մասնավորապես՝ ժողովրդավար կուսակցությունները, կողմ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը։
Ռուսաստանին, ով արդեն իր ներկայությունը հաստատել է տարածաշրջանում, գործչի կարծիքով, գուցե դուր չգա Թուրքիայի ներկայությունը Հայաստանում ու Ադրբեջանում, սակայն, պատգամավորի կարծիքով, Թուրքիան պետք է ձգտի հարաբերություններ ունենալ երկու ժողովուրդների հետ, այլ ոչ թե մի կողմը բռնի։
Գործչի կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է մտածել մնայուն խաղաղության հասնելու մասին, որը կլինի նաև արդար՝ թե հայերի, թե թուրքերի, թե ադրբեջանցիների համար, հակառակ դեպքում՝ «կարող ենք նորից կռվել»։
Այս նպատակին հասնելու համար գործիչը կարևորում է սահմանների բացումն ու մշակութային, տնտեսական հարաբերությունների օր առաջ հաստատումը երկու ժողովուրդների հետ։ Հայաստանն, ըստ Փայլանի, ընտրություններից հետո ևս պիտի ջանք գործադրի այս ուղղությամբ։