Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը համոզված է` անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է։ Նրա խոսքերով, այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպասպանության մասին բանաձևերի ընդունումը «մեր վերքերը չեն ապաքինում»․ «Անհրաժեշտ է, որ մեր երկրի [Թուրքիայի] խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասփյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում», – թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում նշել է հայազգի պատգամավորը։
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում, ասել է Փայլանը։ Հայ ժողովուրդն ու նրա մշակութային արժեքները ոչնչացվել են, և 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում տեղի չի ունեցել։
Ժխտողականությունը, ըստ Փայլանի, միայն մեծացնում է հանցագործությունների կրկնման վտանգը․ կործանարար նույն քաղաքականությունն, ի վերջո, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։
Փայլանը հիշեցրել է նաև, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձներ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության և ցեղասպանության հանցագործների մասին․ «Ցավակցելով հանդերձ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ», – ասել պատգամավորը։
Կարո Փալյանը նշել է նաև, որ հանդես է գալու առաջարկով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված լսումներ կազմակերպել Թուրքիայի խորհրդարանում, «առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին»։