Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային հատուկ չվերթով այսօր Հայաստան վերադարձան ավելի քան 230 Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ օրեր շարունակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայաստանցիները, որոնց մեծ մասը՝ շուրջ 200 քաղաքացի, հայրենիք էր վերադարձել դեռևս երեկ՝ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքով։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, ապրիլի 22-ի և ապրիլի 23-ի հատուկ չվերթներով քաղաքացիները Հայաստան են վերադարձել անվճար․ 433 հոգու տեմսերի ծախսը հոգացել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին) ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ապրիլի 4-ից փակել է օդային, իսկ մարտի 30-ից՝ ցամաքային սահմանները։ Հազարավոր հայաստանցիներ, մեծ մասամբ՝ արտագնա աշխատողներ, մնացել էին փաստացի շրջափակման մեջ։ Չարտերային չվերթներ հնարավոր էր իրականացնել բացառապես Ռուսաստանի կառավարությունից մեկանգամյա թույլտվություն ստանալու պարագայում։
Օդային սահմանների փակումից ի վեր իրականացվել է 7-րդ չարտերային թռիչք՝ ապահովելով մոտ 1 500 քաղաքացու վերադարձը Հայաստան, հայտնում է դեսպանությունը։ Նրանցից շատերը թռիչքին սպասելու ընթացքում տեղավորվել էին ժամանակավոր կացարաններում (Դոնի Ռոստովում և Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում), մի մասն էլ՝ Մոսկվայի հյուրանոցներում, որոնք ապահովվել էին դեսպանության և տեղացի հայ բարերարների ջանքերով։
Այս պահին ավելի քան 2000 հայաստանցի շարունակում է սպասել Հայաստան մեկնելու իր հերթին, ասում է Ռուսաստանում Հայաստանի դեպսան Վարդան Տողանյանը։ Դեսպանությունում հերթագրվածների մի մասը մնում է ազգականների/հարազատների մոտ, տասնյակ քաղաքացիներ տեղափոխվել են (կամ շարունակում են մնալ) ժամանակավոր կացարաններ։
Դեսպանը նշել է, որ հերթագրված քաղաքացիների վերադարձի հարցը մնում է Հայաստանի Պարետատան, արտգործնախարարության ու դեսպանության ուշադրության կենտրոնում և «թախանձագին» խնդրել «մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է Ռուսաստանում գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական»։
«Ամենայն պատասխանատվությամբ կրկին հավաստիացնում եմ, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի Դաշնության տարածքում», – նշել է Տողանյանը։
Երբ է լինելու հաջորդ չվերթը՝ դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ավելի քան 100 Հայաստանի քաղաքացիներ՝ անտեսելով դեսպանատան կոչերը, մեկ շաբաթից ավել մնում էին «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով թռիչքի։ Չնայած դեսպանությունն առաջարկել էր նրանց տեղափոխվել հյուրանոց (անվճար), քաղաքացիները մերժել էին՝ անհանգստանալով, որ տեղափոխվելու պարագայում կարող են չհասցնել օգտվել առաջին թռիչքից։ Ապրիլի 20-ի երեկոյան «Դոմոդեդովոյի» անվտանգության աշխատակիցները նրանց դուրս էի հանել օդանավակայանի տարածքից։ Քաղաքացիները ստիպված տեղափոխվել էին դեսպանության տրամադրած կացարաններ։ Վերջին երկու չվերթներում նրանց առաջնահերթություն էր տրվել․ մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։
Նշենք նաև, որ Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։
ԱԳՆ-ի տվյալներով՝ արտակարգ դրության ընթացքում (մարտի 14-ից սկսած) Հայաստան է վերադարձել արդեն ավելի քան 22 հազար ՀՀ քաղաքացի։