Այսօր Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության կողմից առաջարկված մի շարք նախագծեր։
Ընդունվել է նախագիծ, որով մայիսի 1-ից կբարձրանա թվով 5 մանկատների աշխատողների աշխատավարձը։ Վանաձորի մանկատան լուծարումից հետո այդ ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն դրամից 36,6 մլն դրամը կբաշխվի մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հավաստմամբ՝ դայակի աշխատավարձը, որը 2020 թվականին դարձել էր 68,000 դրամ, մայիսի 1-ից կդառնա 96,000 դրամ։ Տնօրենի աշխատավարձը նույնպես կբարձրանա՝ 143,000 դրամից դառնալով 231,000 դրամ։
Կառավարությունը հաստատել է նաև Առողջապահության նախարարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր։ Մասնավորապես՝
– պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն,
– պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը պետական բյուջեի մի քանի ծրագրերով թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով,
– պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար:
«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել», – նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: