Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում ժամանակավոր կացարան կապահովվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք համավարակային սահմանափակումների բերումով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան։
Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ կոչ անելով Պոդոլսկում կամ բնակավայրերում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, որոնք այս պահին ունեն կացության խնդիր, դիմել դեսպանատուն՝ +7(495)628-55-56 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․հասցեով:
Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ ժամանակավոր կացարան կապահովվի նաև Դոնի Ռոստով քաղաքում և կոչ էր արել կացարանի կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում, կապ հաստատել Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ՝ +7(863)253-67-45 կամ +7(961)408-44-23( WhatsApp/Viber) հեղախոսահամարներով։
Մոսկվայում մնացած քաղաքացիների մի մասն էլ օրեր առաջ տեղավորվել է «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ապրիլի 4-ից դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները, որոնք տարհանում էին օտարերկրյա քաղաքացիներին կամ Ռուսաստան վերադարձնում արտերկրում մնացած ռուսաստանցիներին: Մարտի 30-ից փակվել են նաև Ռուսաստանի ցամաքային սահմանները։ Մինչև ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածը հայտարարվել էր ոչ աշխատանքային։
Թեև օդային և ցամաքային սահմանները, փաստացի, փակ են, Ռուսաստանի կառավարության հատուկ թույլտվությամբ Հայաստանի քաղաքացիների համար երկու չարտերային թռիչք էր կազմակերպվել՝ ապրիլի 6-ին և ապրիլի 7-ին, որոնցով Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի։ Տոմսերը վաճառվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» և Երևանի «Զվաթնոց» օդանավակայանում։
Ապրիլի 7-ի հատուկ չվերթի օրը տասնյակ քաղաքացիներ ժամանել էին Մոսկվայի օդանավակայան՝ հույս ունենալով, որ վերջին պահին կկարողանան տոմսեր ձեռքբերել։ Օդանավակայանում մնացած քաղաքացիներին դեսպանատան աշխատակիցները առաջարկել են տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ։ Նրանց մի մասը ի նշան բողոի հրաժարվել է լքել օդանավակայանը։
Երեկվանից օդանավակայանում մնացած քաղաքացիների հետ այսօր հանդիպել է դեսպանության ներքո գործող ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն։ Նա ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել հյուրանոցներ և նշել, որ առաջիկա օրերին Մոսկավայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։