Home / Առողջապահություն / Հիվանդ №6-ը մահացավ

Հիվանդ №6-ը մահացավ

Իտալիայի Լոմբարդիա մարզի Բերգամո քաղաքի վերակենդանացման բաժանմունքներից մեկում

«Սուրբ Պետրոս» (San Pietro) հիվանդանոցի ամեն մի անկյունում դրամա կա։ Այնտեղ մարդիկ ամեն օր թթվածնի պակասից շնչահեղձ են լինում, իսկ հարազատներն իրավունք չունեն այցելել նրանց անգամ վերջում՝ մահվանից առաջ, գոնե մեկ անգամ։

Շտապ կառուցված վերակենդանացման բաժանմունքի անկյուններից մեկի պատերի տակ իրար վրա են դարսված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակներ։ Դրանք հազիվ կարելի է զանազանել դեռևս նոր՝ փաթեթավորված ապրանքներից։ Ավելի ուշադիր նայելիս տոպրակների մեջ երևում են Nike ապրանքանիշի մի զույգ վազքի կոշիկներ, մի տուփ Twix և ձեռքի ժամացույց։ Դրանք այստեղ պառկած հիվանդների իրերն են։ Տոպրակներից մեկն էլ հենց նոր հանձնվեց թաղման բյուրոյին։ Քանի որ այս պահին արգելված է թաղումներ անցկացնել, մահացածներից հարազատներին մնում են միայն այս իրերը։

Բերգամոյում մեռնում են մենակ։ Մենակ էլ թաղվում են։ Դագաղի վրա դրված բջջային հեռախոսի միջոցով հարազատները հնարավորություն են ունենում լսել, թե ինչպես է քահանան օրհնում շիրիմը։

Մինչև մարտի 10-ը Բերգամոյի «Սուրբ Պետրոս» կլինիկան մասնագիտացված էր արհեստական բեղմանվորման բնագավառում։

Ինչպես շատ այլ հիվանդանոցներում, այստեղ նույնպես չկար վարակիչ հիվանդությունների բաժանմունք։ Հիմա բոլոր 254 մահճակալները զբաղեցնում են Covid-19ով հիվանդները։ Իսկ վերակենդանացման բաժանմունքի 4 մահճակալների թիվն արդեն 10-ի է հասել։ Հիվանդանոցի այդ բաժանմունքը, որը վարակից առաջ ծայրահեղ ծանր հիվանդների համար էր նախատեսված, հիմա հատկացված է քիչ թե շատ առողջներին. նրանց, ովքեր դեռ ապրելու շանս ունեն։

Տասը հիվանդներից միայն մեկն է քիչ թե շատ կենդանության նշաններ ցույց տալիս. չսափրված, տանջված ու լուռ հայացքով վերջինս արմուկները խաչած մի կողմ է շրջվում։ Մյուս հիվանդների աչքերը բաց են, սակայն նրանք կենդանության ոչ մի նշույլ չեն արտահայտում։

Անթիվ անհամար էկրաններով և լույսերով ողողված սենյակը տիեզարանավ է հիշեցնում։ Ինչքան էլ տեխնիկան և գիտությունը զարգացած են, այստեղ կարևորը բնությունն է. որովհետև չկան այստեղ ուժեղ կամ թույլ դեղեր, կան ուժեղ կամ թույլ իմունիտետներ։ Այն երջանիկները, որոնք բախտ են ունեցել վերակենդանացման բաժանմունքում հայտնվել, առանձնապես ոչ մի նոր բան չեն ստանում՝ միայն թթվածին և մորֆին՝ ճիշտ պահին։

Գլխավոր բժիշկն անգամ վարակված է

69-ամյա բժիշկ Բրունո Բալիկոն արդեն թոշակի էր անցել։ Հիմա, սակայն, նա փոխարինում է հիվանդանոցի նախկին գլխավոր բժշկին, որը՝ կորոնավարակով հիվանդ տանը պառկած է։

 «Շատ դեպքերում մահերի մեծ թիվը կապված է նրա հետ, որ ցուցում է տրված հիվանդության դեպքում այնքան ժամանակ տանը մնալ, ինչքան հնարավոր է, և միայն այն դեպքում շտապ օգնություն կանչել, երբ այլևս հնարավոր չէ շնչել», – ասում է բժիշկ Բալիկոն։

Նման կարգավորումները գուցե անխուսափելի են, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Այնքան շատ է դագաղների թիվը, որ դրանց փոխադրումը ստիպված բանակն է իր վրա է վերցրել։

 «Դրա համար հիվանդներն այստեղ գալիս են իրենց ուժերի սպառման եզրագծին, երբ արդեն թոքերը խիստ վնասված են», – շարունակում է բժիշկը։

Ինչպես հիվանդ №6-ի դեպքում։ Չնայած շնչառական ապարատի առակայությանը՝ նա շնչում է դժվարությամբ և մեծ ճիգերով։ Տղամարդը 3 շաբաթ շարունակ ջերմություն է ունեցել։ 67 տարեկան է, չունի ոչ մի ուղեկցվող հիվանդություն։ Նրանից ձախ՝ էկրանի վրա երևում են սրտի զարկերը, արյան ճնշումը, ջերմությունը և արյան մեջ թթվածնի հագեցվածության աստիճանը։ 

Հիմա, երբ այլևս հարազատները չեն կարող հիվանդին այցելել, սա այն ամենն է, ինչ կարող ես իմանալ մի կյանքի մասին. թվեր, դիագրամներ, տոկոսներ։ Դարակի վրա՝ դեղորայքի երկու սրվակների կողքին մի թուղթ է դրված՝ վրան՝ աղյուսակներ։ Ոչ մի անուն, ոչինչ։ Դրա համար ժամանակ չկար։

Հանկարծ հիվանդ №6-ն ընկնում է ցնցումների մեջ։ Կարմիր լույսը սկսում է թարթել։ Բուժքույրը շտապ մոտենում է, սկսում է շուրջբոլորը պտտվել, փորձում է մի ճար գտնել, մինչև լույսը մարում է։ Մի քանի վայրկյան անց սկսվում է մեկ այլ լամպ թարթել։

Հիվանդանոցների պայմաններն այնքան սարսափելի են, ինչպես վիրուսն ինքնին։ Հաճախ հիվանդանոցներն ինքնին դառնում են վիրուսի տարածման օջախներ։ Արդեն 51 բժիշկ մահացել է, հազարավորները վարակվել են, այդ թվում՝ «Սուրբ Պետրոս» հիվանդանոցի անձնակազմի 20 տոկոսը։

Բժիշկներից շատերը իհարկե կառողջանան, ինչպես և հիվանդներից շատերը։ Բայց անգամ այդ դեպքում համաճարակը շատ բարդ իրավիճակ է ստեղծել։

«Բոլոր հիվանդները նույն վիրուսն ունեն, – ասում է Բրունո Բալիկոն, – բայց ամեն դեպք, բուժման ընթացք, յուրովի տարբեր է։ Բացի դրանից՝ դեղերն էլ տարբեր ազդեցություններ կարող են ունենալ։ Հուսահատեցնող է այս ամենը, մի հիվանդին դուրս ես գրում, մյուսն է գալիս, ու ամեն ինչ կարծես զրոյից է սկսվում»։

Մարզային փոքրիկ հիվանդանոցը՝ առաջնագծում

Բրունո Բալիկոն հյուծված տեսք ունի, ինչպես հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը։ Երբ փետրվարի սկզբից ատիպիկ թոքաբորբով առաջին դեպքը գրանցվեց, դրանից հետո ամեն ինչ սարսափելի ձևով արագ զարգացավ։

Եթե, օրինակ, առաջին օրը կարող էր միայն մեկ  հիվանդ լինել, ապա հաջորդ օրը նրանց թիվը հասնում էր տասի։ Ըստ էության՝ մարզային փոքրիկ հիվանդանոցը հանկարծ հայտնվում է առաջնագծում։

Դեղահաբերը մանրացնում են տանը՝ մսաղացով, քանի որ հաբեր մանրացնող հատուկ մեքենան ով գիտի, թե որտեղ է, գուցե ինչոր տեղ՝ դեռևս չբացված արկղների մեջ։

Եթե հիվանդներին խնամող խմբի ղեկավար 46-ամյա Սիլվիա Վանալիին հարցնենք՝ արդյոք բուժանձնակազմից կամ հիվանդապահներից կա՞ն մարդիկ, ովքեր կարող են խուսափել «ծառայությունից», դե օրինակ՝ ակնաբույժին կարո՞ղ են ստիպել աշխատել վարակվածների հետ, ախր նա իրավունք ունի չէ՞ հրաժարվել դրանից, չգալ, Սիլվիա Վանալիին ձեր հարցը չի հասկանա։ Չգա՞լ, կհարցնի նա, ո՞ւր չգալ։ Ոչ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել։

 «Կապ չունի, թե ինչ մասնագիտացման բժիշկ ես։ Առաջին հերթին բժիշկ ես և տալիս ես այն, ինչ կարող ես»։ Նույնիսկ, եթե այն, ինչ այդ պահին կարող ես տալ, միայն մի փոքր քանակության թթվածինն է։

Հիվանդ №6-ը շարունակում է շնչահեղձ լինել՝ այս ու այն կողմ թպրտալով։ Ողջ մարմինը դողում է ջղաձգված։ Եվ ամեն նոպայի ժամանակ նրա գլուխն ավելի է թեքվում, աչքերն ավելի են չռվում՝ սպիտակ և մշուշված։

Բուժքույրներից մեկը միացնում է շնչառական ապարատը, էկրանը ցույց է տալիս արյան մեջ թթվածնի հագեցվածության աստիճանը, որը 98 պետք է լիներ, սակայն հիմա իջել է 93-ի, հետո՝ 90-ի, նորից բարձրանում է 91-ի։ Եվ կրկին ընկնում է: Չնայած քթին ամրացված շնչառական դիմակին՝ հիվանդ №6-ը կարծես չի կարողանում կլանել թթվածինը:

Շտապ մոտենում է մյուս բուժքույրը։ «Կանչում եմ բժշկին», – ասում է նա։ «Ընտանիքին զանգի՛ր», – ասում է մյուսը։

Մահվան բոթը՝ հեռախոսով

Անգամ սովորական ժամանակներում հիվանդների 25 տոկոսը վերակենդանացման բաժանմունքից տուն չի վերադառնում։ Դրա համար այստեղ հատկապես հարազատների հետ կապը շատ կարևոր է։ Այն կարող է օգնել նաև նրանց, որոնք դեռևս ապրում են։

Մինչև կորոնավիրուսի հայտնվելը վերակենդանացման բաժանմունքում թույլատրված էլ 2 հոգու տեսակցություն՝ 2 հարազատի։ Հիմա դա կրճատվել է, 2 թիվն է մնացել միայն՝ 2 հեռախոսազանգ հարազատներին։ 1-ը՝ երբ կարիք կա մորֆին ներարկել, մյուսը՝ երբ տեղեկացնում են, որ հարազատները զանգահարեն թաղման բյուրո։

Հենց այդ պահին հաջողվեց կապ հաստատել երեկ այստեղ մահացած 75-այմա կնոջ դստեր հետ։ Փորձել էին նաև գտնել կնոջ ամուսնուն, սակայն հետո պարզվել էր, որ նա էլ է հիվանդանոցում պառկած։

 «Հենց հիմա գալիս եմ», – շնչակտուր ասում է մահացածի աղջիկը։

Սիլվիա Վանալին մի պահ լռում է: «Ո՛չ, – ասում է նա, – չէ՛, չի լինիանգամ հիմա»: Նրա ձայնը նվաղում է: «Մենք ամեն ինչ արեցինք: Ամեն ինչ: Մինչև վերջձեռքս բռնել էր, ասեսքոնը լիներ, երդվում եմ: Ասես քո ձեռքը լիներ…»:

Ամեն արտասանած բառի հետ նա կարծես ավելի ու ավելի էր փոքրանում ու անհետանում իր՝ Չերնոբիլը հիշեցնող սպիտակ պաշտպանիչ հանգուստի մեջ, որի վրա ֆլոմաստերով գրված է նրա անունը, որ նրան չշփոթեն մեկ ուրիշ հետ։ Քանի որ վիրուսն այստեղ ամեն ինչ նույնացրել է, բոլորը նույնն են՝ իրարից մեկ մետր հեռավորություն պահած։

«Իսկ ե՞ս, բա ես հիմա ի՞նչ անեմ», – հարցնում է մահացածի դուստրը։

«Հուղարկավորության հարցերը լուծեք», – ասում է Վանալին և հեռախոսը ձեռքին հեկեկալով շարունակում է կանգնած մնալ։

Ընկերությունները շարունակում են աշխատել

Բժիշկներն Իտալիայի նոր հերոսներն են։ Ամեն օր նրանց նկարները զարդարում են թերթերի շապիկները։ Բայց այդ թերթերն իրականությունց շատ կտրված են։ Որովհետև այս պահին էլ Լոմբարդիայի մարզի արդյունաբերության 30 տոկոսը շարունակում է գործել, աշխատողների ավելի քան 70 տոկոսը շարունակում է աշխատել։

Շատերի համար տնտեսությունն առաջին տեղում է դարձյալ մնացել։ Չնայած որ նման իրավիճակներում տեսականորեն թույլատրված է արտադրել միայն կյանքի համար անհրաժեշտ ապրանքները, ըստ էության, Տարանտոյի նավահագստի ռազմածովային նավաշինարանը շարունակում աշխատել՝ տեխնիկական սպասարկում ապահովվելով ռազմական նավերին և ինքնաթիռներին։

Ազգային առողջապահական գերատեսչությունը դեռևս մարտի 2-ին կոչ էր արել՝ քաղաքը և մարզն ամբողջությամբ անհապաղ ճանաչել «կարմիր գոտի»։ Բայց այն ժամանակ քաղաքապետ Ջորջիո Գորին հայտարարում էր, որ «Բերգամոն չի փակվելու»։

Բերգամոն չփակվեց։ Այսօր արդեն օրական 50 մահ է այստեղ գրանցվում։ Իտալական «Արմանի» նորաձևության տունը մեծ թափով շարունակում է արտադրությունը, սակայն հիմա այնտեղ արտադրում են բժշկական հանդերձանք և մեկանգամյա օգտագործման խալաթներ։

Մինչ երկրի մյուս հատվածներում մարդիկ խմորեղենի բաղադրատոմսեր և ձանձրույթի դեմ խորհուրդներ են փոխանակում, Լոմբարդիայում պատերազմի պես մի վիճակ է։  

«Տանը զուգընկերոջս հետ խոսում եմ փակ դռան հետևից, – ասում է վերակենդանացման բաժանմունքի բուժքույրներից մեկը, – բայց եթե հնարավոր լիներ, կուզեի ոչինչ էլ չասել։ Այստեղ՝ հիվանդանոցում, ես վտանգում եմ իմ կյանքը՝ անծանոթ մարդկանց համար, իսկ տանը մենակ եմ թողնում նրանց, ովքեր երբեք ինձ չեն լքել»։

Կարմիր լույսը շարունակում է թարթել

Նա դադար է առնում։ Խոսելու փոխարեն ներարկիչը պատրաստում է և դիմում հիվանդ №6-ին, որը դեռ շարունակում է ջղաձգված շնչահեղձ լինել։

 «Հանգի՜ստ», – ասում է նա, բայց կարմիր լույսերը շարունակում են թարթել, իսկ կապույտ թվերը շարունակ նվազում են։ Ամեն նոր ջղաձգումով տղամարդն ասես փորձում է ազատվել ապարատի խողովակներից` կարծես դրանք այլևս չեն բավարարում նրան: Աչքերի անկյուններում արցուքնե՞ր են երևում, թե դա պարզապես ռեֆլեքս է:

Ո՞վ է նա։ Որտեղի՞ց է։ Ի՞նչ է հասցրել իր կյանքում անել։ Մուտքի մոտ ընկած տոպրակներից ո՞ր մենկ է նրան պատկանում։ Այն մե՞կը, որի մեջ կոշիկներ են։ Ո՞ւմ է դրանք նա թողնում։ Ինչքանո՞վ է հասկանում, թե ինչ է շուրջը կատարվում, արդյոք լսո՞ւմ է, արդյոք տեսնո՞ւմ է։

 «Հանգի՜ստ, – ասում է բուժքույրը, – հանգիստ»։ Նրա ձայնն ավելի ու ավելի է վերածվում շշուկի։ Այն ընթացքում, երբ չորացնում է տղամարդու աչքերի արցունքները, մեղմ շոյում է դեմքը։ Ու հենց հիվանդն այլևս չի շարժվում, դուրս է տանում նրան։


Ճակատագրական
թվեր

Դեպքեր։ Ապրիլի 2-ի տվյալներով՝ Իտալիայում պաշտոնապես գրանցվել է 83.049 վարակման դեպք՝ դրան գումարած 13.915 մահվան և 18.278 ապաքինման։ Լոմբարդիան շարունակում է մնալ երկրի ամենակարմիր ու վտանգավոր գոտին։ Այստեղ ապրիլի 2-ի տվյալներով գրանցվել է մահվան 7.960 և վարակման 46.065 դեպք։ 

Բուժօգնություն. Իտալիայում միջին  հաշվով կա 8,6 ինտենսիվ թերապիայի մահճակալ՝ 100 հազար բնակչի համար։ Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում կա 29.2 նման մահճակալ: Իտալիայի առողջապահական համակարգը յուրաքանչյուր բնակչի համար ծախսում է տարեկան 1844 եվրո, Գերմանիայում ՝ 3 հազար 605 եվրո:

Հոդվածը հրապարակվել է ապրիլի 3-ին գերմանական TAZ.de կայքում։ Հոդվածի հեղինակն է իտալացի լրագրող Ֆրանչեսկա Բորին, որը մարտի 25-ին սպիտակ պաշտպանիչ խալաթով այցելել է «Սուրբ Պետրոս» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

գերմաներենից թարգմանեց Շահանե Խաչատրյանը