«21-րդ դարում պայքարում են տեխնոլոգիաներով։ Մինչև էս տեխնոլոգիան չկիրառենք, մենք արդյունքի չենք հասնի։ Իսկ մարդու իրավունքների սկզբունքներն ունիվերսալ են, այդ սկզբունքները չեն խախտվում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկումների առարկա դարձավ, մի քանի կազմակերպություններ ու անհատներ հանդես եկան հայտարարությամբ։
Կորոնավիրուսի տարածումով պայմանավորված՝ երեկ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունելու համար։ Ըստ օրինագծի՝ համաճարակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ընթացքում պետությունը հնարավորություն կունենա հավաքել վարակված քաղաքացիների անձնական տվյալները, հետևել նրանց տեղաշարժին կամ պարզել հեռախոսազանգերի և նամակագրությունների շրջանակը, ինչը պետք է հեշտացնի կորոնավիրուսով վարակվածների շփման շջանակը պարզելու գործընթացը։ Նշենք, որ ապրիլի 1-ի առավոտվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն արդեն ավելացել է 39-ով՝ հասնելով 571։ Պարետն էլ արդեն նոր սահմանափակումների մասին է հայտարարել։
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, փաստաբան Արա Ղազարյանը խոսել է նաև ոստիկանների ծանրաբեռնված աշխատանքի մասին․ «Փաստ է, որ Հայաստանում համաճարակ է։ Համաճարակի դեմ չենք կարող պայքարել ոստիկանների թվով։ Մենք երբեք չենք կարող ունենալ բավարար ոստիկան, որ ամբողջ Հայաստանի տարածքը փակի՝ ամեն քառակուսի մետրի կամ կիլոմետրի վրա։ Պլյուս՝ ոստիկանները դեռ պետք է հանցավորության դեմ պայքարեն, այլ գործառույթներ կատարեն»։
Զրուցակիցը նշել է՝ 21-րդ դարում պայքարում են տեխնոլոգիաներով, և համոզմունք հայտնել, որ մինչև տվյալ տեխնոլոգիան չկիրառվի, արդյունքի չենք հասնի․ «Իսկ մարդու իրավունքների սկզբունքներն ունիվերսալ են, այդ սկզբունքները չեն խախտվում։ Այդ ամբողջ նախագիծը կառուցված էր մարդու իրավունքի հիմնարար սկզբունքների, անձնական կյանքի հարգման իրավունքի վրա։
Ազգային ժողովի պատգամավորներն ասում են՝ չի՛ կարելի էդ օրենքն ընդունել, որովհետև կա ռիսկ, որ տվյալները կարող են այլ նպատակով օգտագործվել։ Եթե այդպես է, ուրեմն էս երկրում ընդհանրապես պետք է ո՛չ օպերատիվ-հետախուզական գործողություն արվի, ասենք՝ քրեական նպատակով գաղտնալսումները, ո՛չ ցանկացած միջոցառում, երբ անձնական տվյալ է մշակվում։
Հիմա առաջնորդվենք է՞դ սկզբունքով, թե՞ հակառակ սկզբունքով․ ընդունենք օրենքը, կառուցակարգը, բայց խախտումների դեմ հակակշիռներ սահմանենք»։
Այժմ, Ղազարյանի խոսքով, ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ է գնում․ երկրներն ընդունում են տվյալ կառուցակարգը՝ լավ հասկանալով, որ դա կարող է չարաշահվել, բայց նաև հակակշիռներ են սահմանում։
«Հակառակ դեպքում, եթե մենք ասենք՝ ոչ, էս նախագիծը չընդունենք, որովհետև կա ռիսկ, դրանով ավելի շատ կկորցնենք, քան ձեռք կբերենք, որովհետև էդ ռիսկը կարող է նաև չլինել»։
Պատասխանելով հարցին՝ արդյոք նախագծի հեղինակները հաշվի են առել այս ամենը, Ղազարյանը նկատեց․ երևում է, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի մասնագետներ են աշխատել․ «Բացի դա, այդ ամբողջն իրականացվել է վարչարարության ընթացակարգով, իսկ վարչարարությունը մեր երկրում կայացած կառուցակարգ է։ Բազմաթիվ երաշխիքներ են տալիս խախտումների դեմ։ Բավականին լավ փոխհավասարակշռված օրենք է»։