Մեծ Բրտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը դրական է եղել։ Վերջին օրերին վարչապետի մոտ թեթև սիմպտոմներ կային՝ չոր հազի ու ջերմության տեսքով։ Այժմ նա ինքնամեկուսացել է Դաունինգ սթրիթի իր բնակավայրում, բայց կշարունակի ղեկավարել կառավարության աշխատանքները տեսահաղորդակցության միջոցով։
«Ես տնից եմ աշխատում ու ինքնամեկուսացման ռեժիմում եմ․ դա միակ ճիշտ որոշումն է ներկայիս իրավիճակում։ Չեմ կասկածում, որ ժամանակակից տեխնոլոգիաների հրաշքների միջոցով կկարողանամ կապի մեջ մնալ թիմիս հետ ու շարունակել գլխավորել կորոնավիրուսի դեմ ազգային պայքարը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ պայքարին և իհարկե առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին։ Նաև շնորհակալություն բոլորին, ովքեր իմ պես տնից են աշխատում, որպեսզի չնպաստեն վիրուսի տարածմանը։ Այսպես մենք կհաղթենք»,- թվիթերի իր էջում գրում է Ջոնսոնը։
Ելիզավետա Երկրորդ թագուհու հետ վարչապետը վերջին անգամ հանդիպել է մարտի 11-ին։ Բուկինգեմյան պալատից հայտնում են, որ թագուհին իրեն լավ է զգում, սիմպտոմներ չեն նկատվում։
Մեծ Բրիտանիայում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 11658 հաստատված դեպք, 578 մարդ մահացել է։
Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ, որ վարակվել է նաև Ուելսի 71-ամյա արքայազնը։ Արքայազն Չարլզի ներկայացուցչի փոխանցմամբ, նրա մոտ հիվանդության թեթև սիմպտոմներ կան, բայց «ընդհանուր առմամբ արքայազնն իրեն լավ է զգում»։