Կորոնավիրուսի համաճարակի շարունակական տարածումը հարուցել է մեր հասարակության մեջ նիրհող հսկայական գաղափարական վիրուսների համաճարակներ․ կեղծ լուրեր, պարանոյիկ դավադրության տեսություններ, ռասիզմի բռնկումներ։
Կարանտինի լավ հիմնավորված բժշկական անհրաժեշտությունն իր արձագանքն է գտել գաղափարական ճնշման մեջ, որը ստիպում է մաքուր սահմաններ հաստատել ու կարանտինի մեջ պահել մեր ինքնությանը սպառնացող թշնամիներին։
Բայց գուցե մեկ այլ՝ շատ ավելի օգտակար գաղափարական վիրուս տարածվի ու, հուսանք, վարակի մեզ․ այլընտրանքային հասարակության, ազգ-պետությունից անդին հասարակության, ինքն իրեն համաշխարհային համերաշխության ու համագործակցության ձևերում արդիականացնող հասարակության մասին մտածելու վիրուսը։
Այսօր հաճախ է հնչում ենթադրությունը, որ կորոնավիրուսը կարող է Չինաստանի կոմունիստական կարգի տապալմանը տանել, ինչպես (Գորբոչովն ինքն էլ ընդունել է) Չերնոբիլի աղետը դարձավ այն իրադարձությունը, որը հրահրեց Խորհրդային կոմունիզմի ավարտը։ Բայց այստեղ պարադոքս կա․ կորոնավիրուսը նաև կարող է ստիպել վերահիմնադրել կոմունիզմ, որը հիմնված է մարդկության ու գիտության նկատմամբ վստահության վրա։
Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին 2»-ում Բեատրիքսը չար Բիլին վնասազերծում է «Սրտի պայթեցման Five Point Palm տեխնիկայի» միջոցով․ բոլոր մարտարվեստների ամենամահացու հարվածը։ Շարժումը կազմված է մատների ծայրերով թիրախի մարմնի հինգ տարբեր ճնշման կետերի վրա հարվածների համակցությունից։ Երբ թիրախը հեռանում ու հինգ քայլ է անում, սիրտը պայթում է մարմնում ու նա ընկնում է գետնին։
Այս հարձակումը մարտարվեստային առասպելաբանությունից է և անհնար է իրական ձեռնամարտում։ Վերադառնալով ֆիլմին․ հարվածից հետո Բիլը հաշտվում է Բեատրիքսի հետ, հինգ քայլ անում ու մահանում…
Ինչն է հետաքրքիր՝ հարվածի ու մահվան միջև ընկած ժամանակահատվածը․ ես կարող եմ հաճելի զրույց ունենալ, քանի դեռ հանգիստ նստած եմ, բայց գիտեմ՝ հենց սկսեմ քայլել, սիրտս կպայթի ու կմեռնեմ։
Գաղափարը, որ կորոնավիրուսի համաճարակը Չինաստանում կոմունիստական կարգի անկմանն է տանելու, նման չէ՞ սրան։ Կարծես, որոշակի սոցիալական «Սրտի պայթեցման Five Point Palm տեխնիկա»՝ կիրառված Չինաստանի կոմունիստական ռեժիմի նկատմամբ․ իշխանությունները կարող են նստել, դիտարկել ու կարանտին կազմակերպել, բայց հասարակական կարգի ցանկացած լուրջ փոփոխություն (օրինակ, ժողովրդին վստահելը) անկման կտանի։
Իմ համեստ կարծիքն ավելի արմատական է․ կորոնավիրուսի էպիդեմիան «Սրտի պայթեցման Five Point Palm տեխնիկա» է համաշխարհային կապիտալիստական համակարգի նկատմամբ, նշան, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել այնպես, ինչպես մինչ այժմ, որ արմատական փոփոխություն է պետք։
Տխուր փաստ․ մենք աղետի կարիք ունենք
Տարիներ առաջ Ֆրեդրիկ Ջեյմսոնն ուշադրություն դարձրեց տիեզերական աղետների մասին ֆիլմերի ուտոպիական ներուժին (երկրային կյանքին սպառնացող աստղակերպ կամ մարդկությանը սպանող վիրուս)։ Նման համաշխարհային վտանգը համաշխարհային համերաշխություն է ծնում, մեր փոքրիկ տարբերությունները դառնում են անկարևոր, միասին աշխատում ենք լուծում գտնելու ուղղությամբ․ և ահա մենք այստեղ ենք իրական կյանքում։
Հարցն այն չէ, որ մենք սադիստաբար վայելում ենք տարածվող տառապանքը, որովհետև այն օգնում է մեր գործին, հակառակը՝ հարցն այն տխուր փաստի կշռադատումն է, որ մեզ աղետ էր պետք՝ կարողանալու համար վերամտածել այն հասարակության ամենահիմնարար գծերը, որում ապրում ենք։
Այդպիսի գլոբալ համակարգման աղոտ մոդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որից մենք ոչ թե սովորական բյուրոկրատական դատարկաբանություններ ենք ստանում, այլ հստակ զգուշացումներ, որոնք հայտարարվում են առանց խուճապի։
Թերահավատները ծաղրում են Բերնի Սանդերսին, ով խոսում է ԱՄՆ-ում համընդհանուր առողջապահության օգտին։ Բայց մի՞թե կորոնավիրուսի համաճարակի դասն այն չէ, որ մեզ դեռ ավելին է պետք, որ մենք պետք է սկսենք առողջապահության ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ցանց հյուսել։
Իրանի Առողջապահության նախարար Իրաջ Հարիրչին հանդես էր եկել ասուլիսով, որի ընթացքում խոսում էր զանգվածային կարանտինի անհրաժեշտության դեմ և փոքրացնում կորոնավիրուսի տարածման մասշտաբները։ Հենց հաջորդ օրը նա կարճ հայտարարություն արեց և խոստովանեց, որ վարակվել է կորոնավիրուսով ու ինքնամեկուսացվել (հեռուստատեսությամբ իր առաջին ելույթում նրա մոտ արդեն իսկ տենդի ու թուլության նշաններ էին նկատվում)։ Հարիրչին հավելեց․ «Այս վիրուսը ժողովրդավար է ու տարբերություն չի դնում հարուստների և աղքատների կամ պետպաշտոնյաների ու սովորական քաղաքացիների միջև»։
Այստեղ նա ճիշտ էր․ բոլորս ենք նույն նավակի վրա։ Բարդ է չնկատել գերագույն հեգնանքը փաստի, որ այն, ինչ մեզ միավորել և համաշխարհային համերաշխության է դրդել, ամենօրյա կյանքում արտահայտվում է միմյանց հետ սերտ շփումից խուսափելու և անգամ ինքնամեկուսացման հրահանգներով։
Մենք միայն վիրուսի տարածման հետ չէ, որ գործ ունենք, այլ աղետներ էլ կան հորիզոնում կամ արդեն կատարվող․ երաշտներ, ջերմային ալիքներ, մեծ փոթորիկներ և այլն։ Բոլոր այս դեպքերում պատասխանը խուճապը չէ, այլ՝ դժվար և հրատապ աշխատանքը՝ արդյունավետ համաշխարհային համակարգում հիմնելու ուղղությամբ։
Միայն վիրտուալ իրականությունո՞ւմ ենք ապահով լինելու
Առաջին պատրանքը, որը պետք է ցրել, ձևակերպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հնդկաստան վերջին այցելության ժամանակ, ասելով, որ համաճարակն արագորեն նահանջելու է, մենք պետք է պարզապես սպասենք առկայծմանը, որից հետո կյանքն իր բնականոն հունին կվերադառնա։
Հակառակ այս չափազանց միամիտ հույսերին, նախ պետք է ընդունել, որ վտանգը եկել է ու չի պատրաստվում հեռանալ։ Եթե անգամ այս ալիքը նահանջի, այն վերահայտնվելու է նոր և գուցե ավելի վտանգավոր ձևով։
Ուստի, կարող ենք ակնկալել, որ վիրուսային համաճարակները կազդեն մեր ամենատարրական փոխհարաբերությունների վրա՝ այլ մարդկանց ու շրջապատող իրերի հետ, այդ թվում՝ մեր սեփական մարմինների․ խուսափե՛ք (անտեսանելիորեն) կեղտոտ իրերի հետ շփումից, մի՛ դիպչեք բռնակներին, մի՛ նստեք զուգարանակոնքին կամ հանրային նստարաններին, խուսափե՛ք մարդկանց գրկելուց կամ ձեռք սեղմելուց։ Կարող ենք անգամ ավելի ուշադիր դառնալ ինքնաբերական ժեստերում․ մի՛ կպեք ձեր քթին, մի՛ տրորեք աչքերը։
Այսինքն, ոչ միայն պետությունն ու այլ գործակալություններն են, որ պետք է վերահսկեն մեզ, այլև մենք ինքներս պետք է սովորենք վերահսկել ու կարգուկանոն սահմանել մեզ համար։ Գուցե միայն վիրտուալ իրականությունը ապահով համարվի, իսկ բաց տարածությունում ազատ շրջելը սահմանափակվի ուլտրահարուստներին պատկանող կղզիներով։
Բայց նույնիսկ այստեղ՝ վիրտուալ իրականության ու համացանցի մակարդակում, պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ վերջին տասնամյակների ընթացքում «վիրուս» և «վիրուսային» բառերը կիրառվում էին հիմնականում թվային վիրուսների իմաստով, որոնք վարակում էին մեր վեբ տարածությունը և որոնց մասին մենք չգիտեինք գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չէր արտահայտվում նրանց ավերիչ ուժը (ասենք, տվյալները վերացնելն ու կոշտ սկավառակը վնասելը)։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, եզրույթի զանգվածային վերադարձն է իր բառացի իմաստին․ վիրուսային ինֆեկցիաներն աշխատում են ձեռք-ձեռքի երկու տարածույթուններում՝ իրական և վիրտուալ։
Կապիտալիստական ոգեպաշտության վերադարձը
Մեկ այլ տարօրինակ ֆենոմեն, որը կարող ենք դիտարկել, կապիտալիստական ոգեպաշտության հաղթական վերադարձն է, երբ շուկաների կամ ֆինանսական կապիտալի պես զուտ սոցիալական երևույթներին վերաբերվում են ինչպես կենդանի արարածների։
Մեծ մամուլը կարդալիս, տպավորություն կարող ենք ունենալ, որ իրականում պետք է անհանգստանալ ոչ թե հազարավոր մահացածների (ու սպասվող հազարավոր մահերի) համար, այլ այն փաստի, որ «շուկան նյարդային է դառնում»։
Կորոնավիրուսը գնալով ավելի է խանգարում շուկայի հարթ ընթացքին և, ինչպես լսում ենք, աճը կարող է 2-3 տոկոսով նվազել։
Արդյո՞ք սա պարզ նշան չէ, որ կա համաշխարհային տնտեսության շտապ վերակազմակերպման անհրաժեշտություն, որպեսզի տնտեսությունն այլևս թողնված չլինի շուկայական մեխանիզմների քմահաճույքին։ Այստեղ մենք հին կոմունիզմի մասին չենք խոսում իհարկե, պարզապես համաշխարհային կազմակերպության, որը կարող է վերահսկել ու կարգավորել տնտեսությունը, անհրաժեշտության դեպքում էլ՝ սահմանափակել ազգային պետությունների ինքնավարությունը։ Անցյալում երկրները դա կարողացել են անել պատերազմի ժամանակ, իսկ հիմա մենք բոլորս փաստացի մոտենում ենք բժշկական պատերազմի դրությանը։
Գումարած՝ մենք պետք է չվախենանք մատնանշել համաճարակի պոտենցյալ բարենպաստ որոշ կողմնակի ազդեցությունները։ Համաճարակի սիմվոլներից է դարձել ուղևորների լռվելը (կարանտինի տակ հայտնվելը) հսկայական ճամփորդական նավերում․ մեծ գայթակղություն կա ասել, որ սա այդպիսի նավերի անպարկեշտությունից ազատվելու լավ ձև է։ (Պետք է պարզապես զգուշանալ, որ ճանապարհորդությունները դեպի միայնակ կղզիներ կամ այլ բացառիկ հանգստավայրեր նորից չդառնան հարուստ փոքրամասնության արտոնությունը, ինչպես տասնամյակներ առաջ թռիչքների պարագայում էր)։ Մեքենաների արտադրությունը ևս լրջորեն կրել է կորոնավիրուսի ազդեցությունը, ինչը շատ վատ չէ, քանի որ կարող է ստիպել մեզ մտածել սեփական փոխադրամիջոցն ունենալու այլընտրանքի մասին։ Այս ցանկը կարելի է շարունակել։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց․ «Չկա նման հասկացություն՝ լիբերալ։ Լիբերալը ոչ ավելին է, քան դիպլոմով կոմունիստը»։
Ի՞նչ, եթե ճիշտը հակառակն է։ Ի՞նչ, եթե որպես «լիբերալ» նշանակենք նրանց, ովքեր մտածում են մեր ազատության մասին, իսկ «կոմունիստ»՝ նրանց, ովքեր գիտակցում են, որ մենք այդ ազատությունները կարող ենք փրկել միայն արմատական փոփոխություններով, քանի որ համաշխարհային կապիտալիզմն իր ճգնաժամին է մոտենում։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ այսօր նրանք, ովքեր իրենց կոմունիստ են համարում, դիպլոմով լիբերալ են․ լիբերալներ, ովքեր լրջորեն ուսումնասիրել են, թե ինչու են մեր լիբերալ արժեքները վտանգի տակ, ու գիտակցել, որ միայն արմատական փոփոխությունը կարող է փրկել իրենց։
Սլավոյ Ժիժեկ
թարգմանությունը՝ Մարուսյա Սեփխանյանի