Home / Մեդիա / ԱԺ պատմաբան խոսնակը բոլորի անունից ողջունել է ԱՄՆ-ին

ԱԺ պատմաբան խոսնակը բոլորի անունից ողջունել է ԱՄՆ-ին

Այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը նվիրված ելույթում Ազգային ժողովի ամբիոնից այս մասին ասել է խորհրդարանի խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանը։

«Ես ձեր բոլորի անունից՝ երեք խմբակցությունների անունից, ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ սրանով, այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ ․․․Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակի և Ամերիկայում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար»,- ասել է Միրզոյանը:

Երեկ, դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ սենատը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն որակող բանաձևին։ Բանաձևի ընդունումը այսուհետ բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի տարածմանը հանրակրթական հաստատություններում։

Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ընդունած բանաձևերն անկախ են, ըստ ընթացակարգի՝ չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունն և չունեն օրենքի ուժ։ Սակայն, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, Ամերիկայի դեսպանները պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ դեսպանները պարտավոր են լինելու հետևել Սենատի պաշտոնական քաղաքականությանը՝ նաև Հայոց Ցեղասպանության հարցում։

Բանաձևի ընդունման քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին։ Դեկտեմբերի 11-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն օրինագիծ է ընդունել, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Սենատի այս որոշումը որակել է որպես պատմությունը քաղաքական փոքր շահերին ծառայեցնելու փորձ։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը ևս անդրադարձել է Սենատի որոշմանը․ «Ամեն անգամ, երբ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների կողմից պատմությունը քաղաքականացնելու փորձեր են արվել, մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը՝ ստեղծել մասնագիտական խումբ և ուսումնասիրել պատմությունը։ Մենք գտնում ենք, որ պատմությունը պետք է ոչ թե բաժանի, այլ միավորի ազգերի»։