Թուրքիան ընդդեմ Բալթյան երկրները Ռուսաստանից պաշտպանելու նախագծի, Մակրոնն ընդդեմ Թուրքիայի ու Թրամփի, Թրամփը, ինչպես միշտ, ընդդեմ բոլորի․ ՆԱՏՈ֊ի 70-ամյակին նվիրված գագաթնաժողովից առաջ միջավայրն այնքան էլ տոնական չէ։
Գագաթնաժողովից մի քանի օր առաջ միջազգային մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին, որոնց համաձայն, Թուրքիան ՆԱՏՈ֊ի իր գործընկերներին սպառնում է չստորագրել Բալթյան երկրները և Լեհաստանը Ռուսաստանից պաշտպանելու մասին նախագիծը։ Թուրքական դիվանագետներն այս քայլը բացատրում են ԱՄՆ֊ի և ՆԱՏՈ֊ի անդամ մյուս երկրների կողմից՝ Թուրքիայի պաշտպանության նախագծի նոր խմբագրության հաստատման մերժմամբ։ Այդ նախագիծը ստորագրելու դեպքում, նրանք փաստացի իրենց ընդհանուր թշնամի կճանաչեին Սիրիայի տարածքում գտնվող քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, դրանք որպես ահաբեկչական որակելով։ Պաշտոնական Անկարան այդ խմբավորումն ահաբեկչական է համարում, մինչդեռ կոալիցիան՝ ԱՄՆ֊ի գլխավորությամբ, իսլամական ծայրահեղականների հետ պայքարում քրդերին իր հիմնական գործընկերն էր համարում։
Բալթյան երկրների դիվանագետները բացատրում են, որ խոսքը ռազմական ծրագրերի հերթական նորացման մասին է, որի չստորագրման դեպքում կշարունակի գործել նախորդը։ ՆԱՏՈ֊ի գագաթնաժողովի օրակարգում այդ հարցն առհասարակ չկա․ այն քննարկվում է ավելի ցածր մակարդակում, չնայած պահանջվում է միավորման անդամ բոլոր 29 երկրների ստորագրությունը։
Բրիտանացի փորձագետ Մայքլ Կլարկն անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի և ՆԱՏՈ անդամ երկրների միջև հակամարտություններին, նշեց․ «Թուրքիայի պահվածքը, թայֆայամոլությունը, որի մեջ նա միշտ ներգրավվում է, այնքան ավերող են ՆԱՏՈ֊ի համար, այնքան են թուլացնում ՆԱՏՈ֊ի հարավային թևը, որ, կարծում եմ, մոտենում ենք Թուրքիայի համար ճշմարտության պահին, երբ կասենք․ «լսեք, կամ ձեզ ՆԱՏՈ֊ի անդամի պես պահեք, կամ նման քաղաքականություն մենք այլևս չենք հանդուրժի»»։
Զանգ Մակրոնից
Թուրքիայի մասին խոսել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Economist ամսագրին նոյեմբերի սկզբին տված աղմկահարույց հարցազրույցում։
«Մենք ոչ համակարգված, ագրեսիվ գործողություններ ենք տեսնում ՆԱՏՈ֊ի մեր գործընկերոջ՝ Թուրքիայի կողմից, մի տարածաշրջանում, որում որոշ հետաքրքրություններ ունենք […] Իսկ եթե Բաշար Ասադի ռեժիմը որոշի պատասխան հարված հասցնել Թուրքիային, կխառնվե՞նք արդյոք մենք՝ ՆԱՏՈ֊ի շրջանակներում։ Սա կարևորագույն հարց է», – ասել է Մակրոնը հարցազրույցի ժամանակ, նշելով, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի, չհամաձայնեցված քայլերն այդ տարածաշրջանում նույն կերպ պառակտում են դաշինքի միասնականությունը։
Նոյեմբերի 28-ի կոնֆերանսի ժամանակ Մակրոնը հայտնեց, որ պատրաստվում է գագաթնաժողովի ժամանակ բարձրացնել այս թեման և քննարկում սկսել «Ով է մեր թշնամին» հարցի վերաբերյալ։
Ով է թշնամին
Մակրոնը եվրոպական այլ քաղաքական գործիչների հետ միասին առաջարկում է քննարկել Ռուսաստանի կամ Չինաստանի փոխարեն ահաբեկչությունը որպես գլխավոր թշնամի դիտարկելու հարցը։ ՆԱՏՈ֊ի գործընկերներին նա կոչ արեց օգնել Ֆրանսիային՝ Աֆրիկայում իրականացվող գործողություններում։
ՆԱՏՈ֊ի արևելյան երկրները, սակայն, շարունակում են պնդել, որ Ռուսաստանը եթե ոչ գլխավոր, ապա հիմնական պոտենցիալ վտանգներից մեկն է, և կոչ են անում ամրապնդել արևելյան թևը։
Պրոֆեսոր Մայքլ Քլարքի խոսքով, ՆԱՏՈ֊ի խնդիրը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, միասնության բացակայությունն է բլոկի ներսում։