Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մերժել է «Մեծ յոթնյակի» օգնության առաջարկը Ամազոնի հրդեհաշիջման աշխատանքներին՝ Ֆրանսիայի նախագահին խորհուրդ տալով «հոգ տանել իր տան ու գաղութների մասին»։ Այս մասին հաղորդում է France 24֊ը։
«Մենք գնահատում ենք առաջարկը, բայց միգուցե այդ ռեսուրսներն ավելի ակտուալ կլինեն Եվրոպայում անտառների վերականգնման աշխատանքների համար», ֊ ասել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Օնիքս Լորենցոնին։ Նա նաև անդրադարձել է Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին․ «Մակրոնը չի կարողանում կանխել անգամ միջազգային ժառանգության օբյեկտ հանդիսացող տաճարի կանխատեսելի հրդեհը։ Ինչո՞ւ է փորձում մեր երկրին դասեր տալ»։
Ավելի վաղ Բրազիլիայի բնապահպանության նախարար Ռիկարդո Սալեսը հայտարարել էր, որ ողջունում է G7-ի ֆինանսավորման առաջարկը 2.3 մլն հեկտար տարածություն գրաված հրդեհների դեմ պայքարի համար։ Սակայն նախագահ Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո կառավարությունը կտրուկ փոխել է դիրքորոշումը Մեծ յոթնյակի օգնությունից օգտվելու հարցում։
«Բրազիլիան դեմոկրատական ազատ պետություն է, որը երբևէ չի ունեցել գաղութային կամ իմպերիալիստական փորձառություն, ինչին, հնարավոր է, ձգտում է ֆրանսիացի Մակրոնը»,֊ ընդգծել է Լորենցոնին։
Ֆրանսիայի և Բրազիլիայի միջև լարվածությունը սրվել է Մակրոնի հայտարարությունից հետո, որում նա նշում էր, որ Ամազոնի հրդեհները համաշխարհային ճգնաժամի են վերածվել և պետք է առաջնահերթորեն քննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ։
Դրան ի պատասխան, Բոլսոնարուն Մակրոնին մեղադրել է «գաղութատիրական մենթալիտետ» ունենալու մեջ։
Հիշեցնենք, որ Ամազոնի անտառների հրդեհները սկսվել են օգոստոսի 15-ին։ Տարեսկզբից Բրազիլիայում ավելի քան 80 հազար հրդեհ է արձանագրվել, միայն օգոստոսի 23-ին գրանցվել է ևս հազար նոր բռնկում։ Դրանց մեծ մասը Ամազոնի անտառներում են։ Թույլ անձրևների ու հրդեհաշիջման մեծածավալ աշխատանքների արդյունքում անգամ չի հաջողվում կանխել հրդեհի հետագա տարածումը, որն արդեն իսկ գրավել է ավելի քան 2.3 մլն հեկտար մակերես։