Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող առևտրի կենտրոնում և կահույքի արտադրամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 տուժած տեղափոխվել են «Աստղիկ» և «Հանրապետական» հիվանդանոցներ։ Չորսի վիճակը, ըստ առողջապահության նախարարության, ծանր չէ՝ ծխահարվել են, երկուսը՝ թունավորվել։ Մանրամասները կհայտնեն ավելի ուշ։
Հրդեհի վայրում աշխատում է շտապ օգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։
Հրդեհի և տուժածների մասին 911 ծառայությունը իմացել է ժամը 15:47-ին։ Այն բռնկվել է Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում և մի քանի ժամ երևում էր մինչև 15 կմ հեռավորությունից։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35 հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ: