Գործարար Խաչատուր Սուքիասյանը (հայտնի է Գռզո մականվամբ) վերադառնում է ֆորմալ քաղաքականություն։ Առաջիկա խորհրդականական ընտրություններին նա մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակով։ Լուրը հաստատել է նրա խոսնակ Աննա Մկրտչյանը։
«ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը հիմնադրած Խաչատուր Սուքիասյանը՝ նորանկախ Հայաստանի առաջին օլիգարխներից մեկը, 1999-2007 թվականներին ձեռնարկատիրությունը արդեն հաջողությամբ համատեղել է պատգամավորի աշխատանքի հետ։ 2008-ին (ընդդիմությանն աջակցելու պատճառով) նա, ճիշտ է, հայտնվել է հետախուզման մեջ, բայց ի տարբերություն ապագա վարչապետի՝ կարողացել է լեզու գտնել նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ընդհատակը լքելով՝ չհամալրել քաղբանտարկյալների շարքերը։
Ֆորմալ քաղաքականությունն, այնուամենայնիվ, ստիպված է եղել լքել։ Որպես պատիժ՝ զրկվել է նաև «Բջնի» հանքային ջրերի գործարանից, որին տիրացել է այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), և վաճառել է «Ֆիլիպ Մորիս» սիգարետերի բիզնեսը, որը բաժին է հասել գործարար Արման Սահակյանին։ Վերջինս մինչև 2018-ը հանրապետական պատգամավոր էր, այժմ թեև պաշտոն չի զբաղեցնում, ակտիվորեն «օգնում է» որոշ ընդդիմադիր կուսակցություններին, հավակնություններ ունի գլխավորելու Ֆուտբոլի ֆեդերացիան․․․
2018-ին Խաչատուր Սուքիասյանը աջակցում էր նաև Թավշյա հեղափոխությանը։ Իշխանափոխությունից հետո, սակայն, պաշտոն չստացավ։
Համաժողովրդական ընդվզման արդյունքում իշխանության եկածները Թավշյա հեղափոխության ժամանակ և դրանից հետո պարբերաբար խոսում էին բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս է ստացվել, որ այժմ՝ ընդամենը երեք տարի անց, նրանց նախընտրական ցուցակը համալրվում է խոշոր ձեռնարկատերերով։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցին դժվարանում է պատասխանել։ Նա չի կողմնորոշվում՝ Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ։
«Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ։ Նրանք չորս եղբայր են, ամեն մեկը մի ոլորտի բիզնես ունի, այդ թվում, միգուցե, Խաչատուր Սուքիասյանը բիզնես ունի, որը հանձնված է կառավարման: Ես մանրամասների չեմ տիրապետում, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ․․․ անգամ հետապնդվել է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասում է իմքայլական պատգամավորը։
Սահմանադրության(հոդված 95) համաձայն, պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Առաջին հայացքից այս հստակ արգելքը, սակայն, հեշտության շրջանցվում է։ Իզուր չէ, որ Հրաչյա Հակոբյանը՝ հիշատակելով Սուքիասյանի «միգուցե» բիզնեսները՝ անմիջապես շեշտում է, որ դրանք «հանձնված են կառավարման»։
«Կառվարման հանձնելու» հնարքը Հայաստանում անխափան գործում է՝ թույլ տալով խոշոր բիզնեսմեններին «օրենքի ուժով» մտնել ֆորմալ քաղաքականություն։ Գագիկ Ծառուկյանն այս առումով դասագրքային օրինակ է։
Ծառուկյանը, ինչպես հայտնի է, չի էլ թաքցնում, որ բիզնեսմեն է։ Այդ հիմքով նրան պատասխանատվության ենթարկելու և մանդատից զրկելու փորձերը, սակայն, շարունակ ձախողվում էին։
Անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը, ըստ որի ԲՀԿ-ական առաջնորդը շարունակ մասնակցել է «կառավարման հանձնվցած» ձեռնարկության կառավարմանը, իշխանական պատգամավորներին, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանին, կողմնորոշվել չօգնեցին։
Վերջինս ինչպես Սուքիասիանի, այնպես էլ Ծառուկյանի դեպքում՝ դժվարանում է «տարանջատել»։
«Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ բիզնեսներ ունի, որոնք հանձնել է կառավարման», – ասում է իմքայլական պատգամավորը և շարունակում՝ «չեմ կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»:
Նշենք, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Խաչատուր Սուքիասիանից բացի «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակին միացել է նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։ Արսենյանը 2012-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ի ցուցակով։ Առավել հայտնի է Արմավիրի մարզում իր բազմահեկտար հողերով և «Յունիքորն» ընկերությամբ, վերջապես՝ անձնական երկու «Զենեյր» ինքնաթիռներով, որոնք 2012-ին շուքով նվիրել էր Ղարաբաղին․․․