Գլխավոր / Ազգային ժողով / Ծառուկյանն իրեն մանդատից զրկելու առիթ է տալիս

Ծառուկյանն իրեն մանդատից զրկելու առիթ է տալիս

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Դիմումի համաձայն՝ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում և ԱԺ նիստի ժամանակ ելույթում խախատել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավական դրույթներ։ Մասնավորապես, նշվում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության խախտումը․ «Պատգամավորն իր խոսքում նշել է, որ իր գործը թողել է ներդրողների հետ, եկել, որ բացատրի․ ես իմ կառավարիչներին ասել եմ էժանացրեք 10 000 դրամով ցեմենտը, ասել եմ շահույթը թող շատ քիչ լինի, մենք քայլ կատարենք»։ Հարկային պարտավորությունների հետ կապված հարցին պատգամավորը պատասխանեց․ «Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլ ստուգվում ա, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր ա 3 մլն գազի գումար տալ, ես չեմ ասում քանի գործարան կա, ով ոնց ա մուտք գործել, իմ հիմնարկի առաջ պատասխանատու եմ, թող գան նայեն ինչքան գազ ենք ծախսել, ինչքան հոսանք ենք ծախսել»։

Նաև նշվում է, որ վերլուծելով պատգամավորի կողմից տրված վերոնշյալ, ինչպես նաև «Մեր գազի կալոնկաները 210-ից պակաս չի եղել, որովհետև չենք տեղավորվել», «Կարո՞ղ ա ես նրանց (Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներին) գումար չեմ տալիս», «Նոր գործարան եմ կառուցում Արարատի գործարանի կողքը, Սիլիցիումի գործարան» ու մի շարք այլ արտահայտություններ, ակնհայտ է դառնում, որ պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում և նույնիսկ մտադիր է նոր արտադրություն սկսել։