Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը:
Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի(ԿԿՀ)՝ հոկտեմբերի 26-ի եզրակացությունը («Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին»), որով Հանձնաժողովը հաստատել է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է Սահմանադրության 95 հոդվածը։ Նշված հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հաձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ծառուկյանը՝ լինելով պատգամավոր, միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։
ԿԿՀ-ն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի բիզնես-գործունեությունը։ Գնահատվել են, սակայն, միայն 2020 թվականի գործարքները։ Հանձնաժողովը հավաստել է` 2017 թվականից իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանը տարբեր ժամանակներում հանդես է եկել հենց գործարարի դիրքերից։ 2018 թվականին, օրինակ, նա ստորագրել է «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի կանոնադրության փոփոխությունը, 2020-ին՝ հավատարմագրային կառավարիչի փոխարեն կնքել աշխատանքային պայմանագրի փոփոխություններ և այլն։
Նոյեմբերի 16-ին ԱԺ խորհուրդն այս հարցով առաջին նիստն էր հրավիրել, որը Գագիկ Ծառուկյանը բացակայության պատճառով, սակայն, չէր կայացել: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` երկրորդ նիստին նրա ներկայությունն այլևս պարտադիր չէ, խորհուրդը կարող է հարցը քննարկել նաև պատգամավորի բացակայության պայմաններում:
ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահությունը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները: Ներկա է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը: Ինքը՝ Ծառուկյանը, բացակայում է (ԱԺ նիստերին բացակայելը Գագիկ Ծառուկյանի համար օրինաչափություն է․ 2012-2020 թվականների ընթացքում խորհրդարանի քվեարկությունների մոտ 82 տոկոսից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բացակա է ստացել)։ Հավանություն ստանալու պարագայում որոշումը կուղարկվի Սահմանադրական դատարան․ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննվի Բարձր դատարանի կողմից։
Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է նաև ՔրՕրի 154.2 հոդվածի՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Հունիսի 16-ին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից․ ԱԺ-ն համաձայնություն է տվել նաև նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։ Սեպտեմբերի 25-ին Ծառուկյանը կալանավորվել է, հոկտեմբերի 22-ին՝ ազատ արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ծառուկյանը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բաժնեմասեր ունի ավելի քան 54 ընկերությունում։ 2003 թվականին, երբ նա առաջին անգամ պատգամավոր է ընտրվել, բաժնետեր է եղել ընդամենը 5 առևտրային կազմակերպությունում։ 2019 թվականին կազմակերպությունների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ։ 2011-2019 թվականներին, ըստ հայտարարագրերի, այդ կազմակերպություններից որպես եկամուտ Ծառուկյանը ստացել է մոտ 24 միլիարդ դրամ շահաբաժին։
2018 թվականի հեղափոխությունից և արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բարձրացրել էր նույն հիմքով Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը․ հրապարակային ապացույցների հիման վրա՝ կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Գործընթացն այն ժամանակ, ճիշտ է, արագորեն սառեցվել էր։